Նախօրեին՝ դեկտեմբերի 6-ին Երեւանի թիվ 8 եւ Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքներում կայացել են երկրի խորհրդարանի պատգամավորների լրացուցիչ ընտրություններ: Երկու դեպքում էլ ընտրություններն անցել են առանց այլընտրանքի՝ մեկական թեկնածուով: Երեւանում ընտրվել է անկուսակցական, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կորյուն Նահապետյանը, Հրազդանում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Հարությունյանը:

Երեւանի թիվ 8 ընտրատարածքում կայացած ընտրություններին մասնակցել է 14,2 տոկոս ընտրող, իսկ Հրազդանում՝ 24,79 տոկոս, մինչդեռ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն այդ ընտրատարածքներում մասնակցել են 45 եւ 65 տոկոս ընտրողներ: Համաձայն ԿԸՀ նախնական տվյալների, Կորյուն Նահապետյանի օգտին քվեարկել է 8832 ընտրող, Մխիթար Հարությունյանի՝ 13493 ընտրող:

Երկու պատգամավորական մանդատներն էլ ազատ էին մնացել, երբ պատգամավորներ Սասուն Միքայելյանին եւ Հակոբ Հակոբյանին դատապարտեցին 2008թ. զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: