Բամբուկե ծածկոցներն ու սրբիչներն արդեն վաղուց իրենց տեղն են զբաղեցրել աշխարհի տարբեր խանութների ցուցափեղկերում։ Բայց դժվար է պատկերացնել, որ բամբուկը կարելի է օգտագործել նաև պլաստիկի և փայտի փոխարեն՝ ամեն ինչի արտադրության համար՝ մեկանգամյա սպասքից մինչև կահույք։

Չինաստանի Ճըծյան նահանգի Անձի գավառում այսօր սա դարձել է նորարարական լուծումներից մեկը։ Անձի գավառը հայտնի է իր անվերջանալի բամբուկե պուրակներով․ հենց այստեղ են նկարահանվել «Սողացող վագրը, թաքնված վիշապը» ֆիլմի տեսարանները։

Եվ քանի որ բամբուկը արագ վերականգնվող ռեսուրս է՝ օրական աճելով մինչև երեք մետր, որոշվել է այն օգտագործել շրջակա միջավայրը պլաստիկից պաշտպանելու նպատակով։ Չէ՞ որ եթե պլաստիկը քայքայվում է մի քանի տասնյակ տարվա ընթացքում, ապա բամբուկը՝ մեկ տարվա ընթացքում։

Անձի գավառի Դաչժույուան գյուղում նույնիսկ ստեղծվել է հատուկ ցուցադրական կենտրոն, որտեղ կարելի է տեսնել բամբուկից պատրաստված տարբեր արտադրատեսակներ։

NEWS.am-ի թղթակիցը այցելել է «Պլաստիկի փոխարինումը բամբուկով» ցուցադրական կենտրոն՝ ՇՀԿ-ի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության չինական կոմիտեի (ՇՀԿ ԿԲԲՀ) կազմակերպած մեդիա տուրի շրջանակում։

Կենտրոնի ցուցասրահը զբաղեցնում է մոտ 550 քառակուսի մետր տարածք։ Կենտրոնի հիմնական գաղափարը էկոլոգիական կենսակերպի խթանումն է՝ «Բամբուկը պլաստիկի փոխարեն՝ ուղի դեպի ցածրածխածնային ապագա» կարգախոսի ներքո։

Ցուցադրությունը կազմակերպված է իմերսիվ տարածքի ձևաչափով և ներառում է ութ թեմատիկ գոտի։ Դրանց թվում են՝ հովհարների պատրաստման արհեստանոց, թեյի և գաստրոնոմիական գոտիներ, ժամանակակից բամբուկե նյութերին և շինարարությանը նվիրված հարթակ, քեմփինգի գոտի, ընթերցանության և շփման տարածք, մշակութային զբոսաշրջության հատված, ինչպես նաև բամբուկե ճարտարապետության ցուցադրություն։

Կենտրոնում ներկայացված է ավելի քան հազար տեսակի արտադրանք՝ դեկորատիվ տարրերից և կենցաղային իրերից մինչև կենսանյութեր, բամբուկե մանրաթելից պատրաստված արտադրանք, բամբուկի ընձյուղներից ստացված մթերքներ և դրա հիման վրա ստեղծված նորարարական մշակումներ։

Մուլտիմեդիոն տեխնոլոգիաների և վերարտադրված կենսական սցենարների համադրության շնորհիվ այցելուները կարող են տեսանելիորեն ծանոթանալ Անձի գավառի բամբուկի արդյունաբերության ձեռքբերումներին և տեսնել, թե ինչպես է իրականացվում պլաստիկը էկոլոգիական նյութերով փոխարինելու ծրագիրը։