Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը հրավիրում է ՀՀ պետական մարմինների եւ միջազգային դիտորդների ուշադրությունը այն խիստ մտահոգիչ փաստի վրա, որ առավոտյան ժամը 8-ից սկսված ԱԺ ընտրությունների ընթացքում տեղի է ունենում նախօրոք լավ կազմակերպված լայնածավալ մեքենայություն. ընտրողների անձնագրերում դրվող եւ օրենքով սահմանված կարգով 12 ժամվա ընթացքում պահպանման ենթակա դրոշմակնիքները հաշված րոպեների ընթացքում անհետանում են:

Այս իրավիճակի նախօրոք կազմակերպված լինելու մասին  է վկայում նաեւ այն փաստը, որ առավոտյան ժամերին մեծ թվաքանակով քաղաքացիներ բերվում էին ընտրատեղամասեր եւ քվեարկության առաջին 2 ժամերի ընթացքում արձանագրվել են ընտրողների աննախադեպ մեծ կուտակումներ ընտրատեղամասերում: Արձանագրվել են նաեւ վստահված անձանց նկատմամբ բռնության, բաց քվեարկության, քվեարկության բնականոն ընթացքը խոչընդոտող դեպքեր:

Միասնական ընտրական շտաբը, որը միավորում է ընտրությունների օրինականության վերահսկողության նպատակով համագործակցող 3 քաղաքական ուժերի` Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հայ Ազգային Կոնգրես եւ Հայ Յեղափոխական Դաշմակցություն, ստեղծված իրավիճակը գնահատում է որպես ընտրությունների օրինականությունը վտանգող գործընթաց: Ընտրողներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել քվեարկության գործընթացին, ինչ թույլ կտա նվազեցնել հնարավոր ընտրակեղծիքների ծավալը»:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը քաղաքական բոլոր ուժերին էր արել պահպանել սառնասրտությունը եւ ընտրությունների օրը խուճապ սերմանող հայտարարություններ չանել: «Հատկապես այդ կոչը վերաբերում է մեր կոալիցիոն գործընկերներին»,-ասել է նա: