Թիվ 4/27 ընտրատեղամասում ԲՀԿ կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով բերման է ենթարկվել Արմեն Մաթեւոսյանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը: 

Նրա խոսքով, ներկա պահին միջոցներ են ձեռնարկվում այդ ամենը ստուգելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական տեղեկատվությունը կտրամադրի ավելի ուշ: Հարկ է նկատել, որ վերջինիս մոտ հայտնաբերվել է 380 հազար դրամ գումար եւ ցուցակ:

Ավելի վաղ Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Արաբկիր, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հանձնարարվել է այդ շրջանների ոստիկանության բաժիններին ստուգել թիվ 3/22 ընտրատեղամասի վերաբերյալ ինտերնետում հայտնված տեսագրությունը` «Ընտրակաշառք է բաժանվում»  խորագրի ներքո: «Տեսագրության մեջ պատկերված  անձանց ինքնությունն արդեն պարզվել են եւ  նրանք հրավիրվել են բացատրություն տալու: Միաժամանակ նշանակվել է  այդ տեսագրության փորձաքննություն պարզելու նաեւ մի շարք հանգամանքներ»,-ասել է նա: