Զոլաքար համայնքի  թիվ 24/27 եւ 24/28 ընտրատեղամասերում բռնություն չի գործադրվել ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վստահված անձանց նկատմամբ:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը:  Նրա խոսքով, այդ լուրերը տարածել են ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված Վահագն Մախմուդյանը, ով այդ համայնքից է եւ մեծամասնականով առաջադրված Խորեն Սարգսյանը, ով թեեւ անկուսակցական է, բայց, ըստ գյուղապետի, նրան սատարում է  ԲՀԿ-ն: «Դրանք ՀՅԴ-ի հետ կապ չունեն բացարձակ: Իրենք փորձում են ժողովրդին, հեռուստաընկերություններին, լրատվամիջոցներին ապակողմնորոշեն: ԵԱՀԿ-ը դիտորդները այնտեղ են եղել եւ նման միջադեպ չեն արձանագրել»,- ավելացրեց գյուղապետը, հավաստիացնելով, որ ինքն անկուսակցական է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզում կոտրել են վստահված անձի տեսախցիկն ու ծեծել վստահված անձանց:

Մարտունիի ԲՀԿ կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ, թիվ 24 ընտրատարածքում տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ: Զոլաքարի 24/27, 24/28 տեղամասերում տեղի են ունեցել խախտումներ, 24/26-ում ԲՀԿ-ական օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը եւ կոտրել, վստահված անձանց ծեծի են ենթարկել եւ հանել են դուրս, ընտրողների հետ մտնում են ներս գյուղապետը եւ նրա մերձավորները:

Նույնը տեղի է ունեցել Աստղաձորի թիվ 24/24, 24/25 եւ Ծովինարի 24/33, 24/34 ընտրական տեղամասերում գյուղապետերի նախաձեռնությամբ:

Ն.Գետաշենի 24/15 ընտրատեղամասում ԲՀԿ-ի վստահված անձ Նվեր Միրզաջանյանի հաղորդմամբ տեղի գյուղապետ Կարո Գեւորգյանը բացահայտ գումար է բաժանում ընտրողներին հենց մուտքի մոտ:

Զոլաքարում դուրս են հանել իրենց դիտորդական առաքելությունն իրականացնող «Շահեն» կազմակերպության անդամներին:

Շտաբը դիմել է Մարտունիի ոստիկանապետին եւ ուժային կառույցներին, թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Ղազարյանին, սակայն ապարդյունք: