Վանաձորի մի քանի բնակիչներ ահազանգում են, որ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղակայված թիվ 30/37 ընտրատեղամաս մարդիկ ոչ թե առանձին-առանձին, այլ միանգամից խմբերով են գալիս, ինչն, ըստ ականատեսների, չափազանց անհանգստացնող է, քանի որ կա կասկած, որ մարդկանց խմբերով բերում են, հաղորդում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը:
Ըստ մեկ այլ ահազանգի, որն, ի դեպ չհերքեց նշված ընտրատեղամասի նախագահ Մարիամ Մաթեւոսյանը, Վանաձորի թիվ 31/08 ընտրատեղամասի տարածքում նույն համարանիշով մի քանի մեքենաներ առավոտից մինչ հիմա երթեւեկում են տեղամասին հարակից տարածքում, նրանք կանգ են առնում, ապա մեկնում ու վերադառնում: Ընտրատեղամասի նախագահն էլ այս փաստը չափազանց կասկածելի համարեց:
Ընդհանուր առմամբ, մարզում միակ համատարած դժգոհությունը կնիքների շուտ օքսիդանալու հետ է կապված, խնդիրն, ըստ պատասխանատուների, արդեն վերացրել են:
Լոռիի մարզկենտրոն Վանաձորի ընտրողները չափազանց ակտիվ են, որոշ ընտրատեղամասերում, ընտրողների շատ լինելու հետ կապված հերթեր են գոյանում:



























