Գյումրիում ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ ոչ մի լարվածություն չկա եւ շատ նորմալ աշխատանքներ են ընթանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Վերջինս անդրադառնալով այն լուրերին, թե իր որդին` Սպարտակ Ղուկասյանը առավոտյան Գյումրի ընտրատեղամասերից հավաքել է նկարահանող տեսախցիկները եւ «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի տեսախցիկը, ասաց. «Դա դիտավորյալ է արված կապված մեր ազգանունի հետ: Դա իրենց հերթական քաղաքական լուրերն են, իրենց կատարած հերթական աշխատանքն է ինչ էլ կատարել են, իրենք են արել եւ գցում են էս կողմի վրա եւ հիմնականում իմ տղայի վրա, բայց նման բան չկա»:

Վարդան Ղուկասյանին ուղղված այն հարցին, թե իրենք ինչ միջոցներ են ձեռնարկել կամ ձեռնարկում արձագանքեց. «Մենք գնացել ենք եւ տեղում արձանագրել ենք, որ ինչ-որ կամերայի անուն են տվել տեղում կա արձանագրված եւ շատ նորմալ աշխատել է ու ոչ մի բան էլ չի փոխվել»: Հարցին, թե ներկա պահին ինչպե՞ս են ընտրություններն ընթանում Գյումրիում, ՀՀԿ-ԲՀԿ լարվածություն կա՞, թե` ոչ, Վ. Ղուկասյանն արձագանքեց. «Շատ նորմալ, շատ հանգիստ աշխատում ենք»:

Ավելի վաղ Շիրակի մարզի NEWS.am-ի թղթակիցը զրուցել էր թիվ 34/29 ընտրատարածում ԲՀԿ-ի վստահված անձ Գոհար Աբրահամյանի հետ, ով նշել էր, որ 8.30-ի սահմաններում ընտրատեղամաս է մտել քվեարկելու համար եւ տեսել է, որ տեսախցիկը վերցրել դուրս են եկել պատճառաբանելով, թե իրենց դուր չի գալիս, որ իրենց նկարում են: Զրուցակցի փոխանցմամբ, դա եղել է Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը: Իսկ նկարահանող երիտասարդը գրանցված է եղել, որպես «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր: Իրենք ահազանգել են ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվում, սակայն այս պահին տարածքում գտնվող ոստիկանները, որեւէ կերպ չեն միջամտել կատարվածին: Իսկ նշված ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Սուսաննա Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ինքը գնացել է տեսախցիկը վերցրած քաղաքացու հետեւից, որ տեսախցիկը վերցնի, սակայն իրեն չեն տրամադրել, բայց այդ տեսախցիկը հիմա գտնվում է ոստիկանությունում: