Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջեւ արդեն չորրորդ օրը շարունակ հացադուլ է անում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաձողովի անդամ, ԱԺՄ նախկին անդամ Արտավազդ Վարդանյանը:

Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իր առողջական վիճակը բավարար է: Հացադուլավորն իր ուղերձում նշել էր, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքը կանխորոշված է, եւ կոչ էր անում բոյկոտել ընտրությունները: «Այս փուլում այժմ չեմ պահանջում, սակայն նախագահական ընտրություններին պահանջելու եմ: Գտնում եմ, որ անիմաստ ընտրություն է, բայց նախագահականի համար գտնում եմ, որ պետք է բոյկոտել: Հասարակությունն ինքը պետք է ընտրություն կազմակերպի, այլ ոչ սպասի, որ իշխանությունը խայտառակ ընտրություններ կազմակերպի»,- նշեց նա:

Հարցին, թե խորհրդարանական ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած 9 ուժերի մեջ չկա մեկը, որին համակրում է, Արտավազդ Վարդանյանը պատասխանեց. «Գիտեք, մի կողմ դնեմ քաղաքական ուժերին: Եթե քաղաքական ուժն ասում է, որ վերցնելու է 50 տոկոսից ավելի, ու իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ իր խնդիրն ընդամենը խորհրդարան մտնելու համար է, համակարգից ազատվելու համապետական խնդիր չկա, ինչի՞ համար է այս ամենը»,- նշել է Արտավազդ Վարդանյանը եւ հավելել. «Ես շարքային քաղաքացի եմ եւ ուզում եմ այս վիճակը փոխեմ, իսկ նրանց համար ընդամենը  խնդիրը մանդատն է: Իհարկե` մեծամասնություն չեն կազմելու եւ կռվիը գնալու է համակարգի երկու թեւերի միջեւ, ոչ ավելին»: Նրա խոսքով, հասարակությունը կամ ընդդիմությունը իրականում անելիք չունի, ձեւի համար ձայներ է ստանալու եւ վերջ:

Հարցին, թե իր հացադուլի մեսիջը հասել է ընտրողներին, Վարդանյանը պատասխանեց. «Ինձ թվում է` ոչ: Ու չէր կարող հասնել երկու պատճառով: Առաջինը` միգուցե լրատվական շրջափակում գոյություն ունի, երկրորդը` հասարակության եւ ինչ-որ չափով մտավորականության ուղեղը զբաղված է այս ընտրություններով»: