Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է լրատվամիջոցներով տարածված` խորհրդարանական ընտրություններին ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվությանը: Մասնավորապես` տեղեկություններ են ստացվում, թե ԼՂՀ ՊԲ զինվորներին ուղղորդված բերում են ընտրատեղամասեր, փորձում են վերահսկել նրանց քվեարկությունը եւ այլն:

Այս առնչությամբ, ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի քաղաքացի հանդիսացող զինծառայողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են ՀՀ խորհրդարանական ընտրություններին: ՀՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն (ԸՕ, 2-րդ գլուխ, հոդված 8-րդ, կետ 2, 3, 6, 7, 8, 10, հոդված 9-րդ, կետ 7, հոդված 10-րդ, կետ 5, եւ հոդված 11-րդ, կետ 5), խորհրդարանական ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար ՀՀ զինված ուժերում իրականացվել եւ իրականացվում են զինծառայողներին ընտրատեղամասեր փոխադրելու, ընտրական գործընթացը կազմակերպված անցկացնելու կազմակերպչական աշխատանքներ: Պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաեւ զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված պայմանագրային զինծառայողները եւ նույն տարածքում հաշվառված նրանց ընտանիքների` ընտրելու իրավունք ունեցող անդամներն ընդգրկվել են զորամասերի ընտրողների ցուցակում (ՀՀ ԸՕ, 2-րդ գլուխ, հոդված 8-րդ, կետ 8): Զորամասերի հրամանատարները զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված ընտրողների ցուցակները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին տրամադրել են քվեարկության օրվանից երեք օր առաջ` զմռսված ծրարով, որը բացվում է քվեարկության օրը` տեղամասային ընտրական հանձնաժողովում (ՀՀ ԸՕ, 2-րդ գլուխ, հոդված 10-րդ, կետ 5): Ընդ որում, զինծառայողները մասնակցում են ընտրություններին աշխարհագրորեն մոտ գտնվող ընտրական տեղամասերում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրահանգավորել է ընտրական գործընթացներում ներառված զորամասերի հրամանատարությանը՝ խստորեն ղեկավարվել ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթների պահանջներով եւ վերահսկում է հրահանգի կատարումը:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ անհասցե ահազանգերը, որտեղ նշված չեն լինի ընտրական տեղամասը, ընտրախախտման հստակ նկարագրությունը ու այլ մանրամասներ, կդիտարկվեն որպես ապատեղեկատվություն եւ համապատասխան արձագանք չեն ստանա ՀՀ ՊՆ կողմից»: