«Ժառանգության» ահազանգը Հայ հեղափոխական դաշնակցության կողմից  բաժանված ընտրակաշառքների մասին պրովոկացիա է եւ Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը: «Ես դա գնահատում եմ որպես պրովոկացիա եւ ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում, այն է` ընտրության օրը հակաքարոզչությամբ զբաղվել»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի տարածքում ՀՅԴ-ն մայիսի 1-ին կոմունիստների շքերթի ժամանակ  5 հազարական դրամ ընտրակաշառք է բաժանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի նախընտրական շտաբի ղեկավար Վահան Մխիթարյանը: «Այն մարդիկ ովքեր երբեք կոկիկ չեն հանգնվել, կոկիկ հագնված գնացել են տարբեր անկյունները: Ես ինձ թույլ չեմ տվել մոտենալ, քանի որ գումար ստացողներն ասել են, որ գնացել են ողորմություն ստանան: Եվ ասել են, որ Դաշնակցությունն է 5 հազար  դրամ բաժանել»,- ավելացրել էր Վահան Մխիթարյանը: