ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հարաբերությունները խաթարում են։ Համենայն դեպս, այդպես կարելի է կարծել՝ դատելով վերջին շաբաթներին լրատվամիջոցներում երկու դաշնակիցների միջև դինամիկայի բուռն լուսաբանումից, գրում է The Washington Post-ը։
Ինչպես նշվում է հոդվածում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթներին հրապարակայնորեն ճնշում է գործադրում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ փորձելով հասնել նրան, որ Իսրայելը նվազեցնի Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման դեմ հարձակումների ինտենսիվությունը, ինչն Իրանի առանցքային պահանջն է։ Անցած հանգստյան օրերին Թրամփը կտրուկ կասկածի տակ դրեց Բեյրութին հարվածներ հասցնելու Նեթանյահուի որոշումը այն պահին, երբ բանակցությունները մոտ էին ավարտին։ Իսկ ավելի վաղ այս ամսին նա խոստովանել էր, որ լարված մտքերի փոխանակության ժամանակ իսրայելցի առաջնորդին «անիծյալ խենթ» է անվանել:
Սակայն ամերիկյան նախագահների և իսրայելցի վարչապետների միջև նման լարվածությունները նորություն չեն։ 1975 թվականին նախագահ Ջերալդ Ֆորդը նամակ գրեց Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Իցհակ Ռաբինին՝ «արտահայտելու խոր հիասթափությունը 1973 թվականի Դատաստանի օրվա պատերազմից հետո Եգիպտոսի և Իսրայելի միջև բանակցություններում Իսրայելի դիրքորոշման վերաբերյալ», և նախազգուշացրեց. «Համաձայնության հասնելու անկարողությունը անխուսափելիորեն հեռուն գնացող հետևանքներ կունենա… մեր հարաբերությունների համար»։
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, նմանապես, 1982 թվականին Բեյրութի վրա Իսրայելի հարձակումներից հետո նախագահ Ռոնալդ Ռեյգանը զանգահարել է վարչապետ Մենախեմ Բեգինին՝ հայտարարելով, որ եթե Իսրայելը կանգ չառնի, «մեր ամբողջ ապագա երկկողմ կապը վտանգի տակ կհայտնվի»։
Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես հայտնի է, Նեթանյահուին խորհուրդ էր տալիս «ընդունել հաղթանակը», այլ ոչ թե պատասխանել հրթիռային գնդակոծությանը այն բանից հետո, երբ Իսրայելը 2024 թվականի ապրիլին հաջողությամբ որսաց իրանական հրթիռների զանգվածային համազարկը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իսրայելն ունեն փոխլրացնող, բայց ոչ նույնական շահեր, և տարբերությունների զգալի մասը բացատրվում է հետևյալ ասացվածքով. «Այն, թե որտեղ ես կանգնած, կախված է նրանից, թե որտեղ ես նստած»։ Թե՛ Թրամփը, թե՛ Նեթանյահուն Իրանի հետ պատերազմի հաջող ելքի հասնելու անհրաժեշտության ճնշման տակ են։ Շարքային ամերիկացու համար հաջողությունը կարող է նշանակել բենզինի գների նվազում և Իրանի կողմից միջուկային սպառնալիքի վերացում։ Մինչդեռ իսրայելցու համար, կամ, օրինակ, ԱՄԷ-ի կամ Քուվեյթի քաղաքացիների համար, հաջողությունը նշանակում է նաև անվտանգություն հրթիռներից, անօդաչու թռչող սարքերից և «Հըզբոլլահի» հրթիռներից, որոնք անհամեմատ ավելի քիչ ուղղակի սպառնալիք են ԱՄՆ-ի համար»,- գրում է WP-ն։
Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակի կարծիքով, նման դինամիկան բնորոշ է դաշնակիցներին։
«Կեսարից մինչև Էյզենհաուեր առաջնորդները կճանաչեին այն։ Խոշոր պետությունները մշտապես վրդովվում են այն բանից, որ իրենց ավելի փոքր գործընկերները ոչ միայն միշտ չէ, որ հետևում են հրահանգներին, այլև երբեմն կարող են խոշոր գործընկերոջը պարտադրել իրենց գործողությունները։ Միևնույն ժամանակ, փոքր պետություններն անխուսափելիորեն իրենց կախված են զգում ավելի ուժեղ գործընկերոջից, ումից խնդրում են ներդնել ռեսուրսներ և ուժեր, սակայն հաճախ թույլ չեն տալիս մասնակցել որոշումների ընդունմանը։ ԱՄՆ-ն ու Իսրայելը հաճախ հայտնվում են միմյանց գործողություններում ներգրավված և ստիպված են լինում համակերպվել այդ մտքի հետ՝ ոչ թե ի հեճուկս սերտ գործընկերության, այլ հենց դրա պատճառով»։
Սակայն նման հակասությունները ուշագրավ իրականություն են թաքցնում։ Իրանի հետ պատերազմը առաջինն է վերջին տասնամյակների ընթացքում, որտեղ ամերիկյան զինված ուժերը գործընկերոջ հետ գործում են գրեթե հավասարը հավասարի պես։ Իսրայելը կախված էր ամերիկյան աջակցությունից, բայց միևնույն ժամանակ իր վրա վերցրեց Իրանի տարածքում թիրախներին հասցված հարվածների զգալի մասը։ Տարածաշրջանի այլ հատվածներում Իսրայելը ևս մեծապես ինքնուրույն է գործում ԱՄՆ-ի ընդհանուր թշնամիների դեմ, ինչպիսին է «Հըզբոլլահը», որը մինչև սեպտեմբերի 11-ը պատասխանատու էր ավելի մեծ թվով ամերիկացի զոհերի համար, քան որևէ այլ ահաբեկչական կազմակերպություն։
Այս գործընկերությամբ Իսրայելը վաստակել է «օրինակելի դաշնակցի» կարգավիճակ, որն ամրագրված է Թրամփի վարչակազմի Ազգային պաշտպանության վերջին ռազմավարության մեջ։ Սա այն եզակի պետությունն է, որը ոչ միայն ունակ է, այլև պատրաստ է գործել ԱՄՆ-ի փոխարեն՝ ուժն արդյունավետորեն պրոյեկտելով ավելի լավ, քան Ամերիկայի այն դաշնակիցները, որոնք բազմապատիկ մեծ ՀՆԱ ունեն։ Իսրայելի այս կարողությունը հասարակական գործոնների եզակի համադրության, ինչպես նաև նրա ռազմական ներուժն ու ԱՄՆ բանակի հետ համատեղելիությունն ամրապնդելու բազմամյա երկկուսակցական ռազմավարության արդյունքն է։
Հաշվի առնելով այս հաջողությունը՝ Թրամփը պետք է խուսափի երկու գայթակղությունից»,- ասված է հրապարակման մեջ։
Ինչպես ընդգծվում է հոդվածում, առաջին հերթին, չպետք է չափազանց հապճեպ պնդել, որ ԱՄՆ-ն ունակ է զսպելու Իսրայելին։ Դիվանագիտությունը հաճախ ավելի արդյունավետ է լինում, երբ ամրապնդված է համոզիչ սպառնալիքներով, և Իսրայելը հենց նման հնարավորություն է ընձեռում. ԱՄՆ-ի և Իսրայելի արդյունավետ համակարգման դեպքում այս գործոնը կարող է ուժեղացնել, այլ ոչ թե տապալել Թրամփի դիվանագիտական ջանքերը։
«Երբեմն Իսրայելն ունակ է անելու այն, ինչը ձեռնտու է ԱՄՆ-ին, բայց ինչը Վաշինգտոնը կնախընտրեր ինքնուրույն չանել։ Օրինակ՝ 2007 թվականին Իսրայելը ոչնչացրեց սիրիական միջուկային ռեակտորը մի համարձակ գործողությամբ, որը երբեք չէր հաստատվի ազգային անվտանգության ոլորտում ամերիկյան զգուշավոր բյուրոկրատիայի կողմից։
Երկրորդ՝ ամերիկացի պաշտոնյաները պետք է խուսափեն մեղքն Իսրայելի վրա բարդելուց։ Շատերը՝ ոչ միայն ձախերից, այլև աջերից, պնդում են, որ ԱՄՆ-ն փետրվարին Իրանի հետ պատերազմի մեջ է մտել հանուն Իսրայելի կամ այն պատճառով, որ Իսրայելը «ստիպել է» իրենց դա անել։ Ինքը՝ Թրամփը, պնդում էր, որ դա ճիշտ չէ. հունվարին Իրանի հասցեին նրա առաջին սպառնալիքները պայմանավորված էին սեփական բնակչության դեմ իրանական ռեժիմի դաժան գործողությունների հանդեպ իր վրդովմունքով։
Պատասխանատվությունն Իսրայելի վրա բարդելը կարող է քաղաքականապես հարմար լինել, բայց այն վտանգում է էլ ավելի խարխլել աջակցությունն ամերիկա-իսրայելական հարաբերություններին, որոնք արդեն իսկ լարված են Գազայի և այլ հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենաարդյունավետ դաշնակցի թուլացումը, պարադոքսալ կերպով, կարող է հանգեցնել բեռի ավելի քիչ վերաբաշխման և, հետևաբար, տարածաշրջանում ԱՄՆ-ի համար ավելի մեծ ծավալի աշխատանքի, այլ ոչ թե ավելի քիչ»։
Դաշնակիցները լինում են անհարմար, և որքան մոտ է դաշինքը, այնքան ուժեղ կարող են լինել հակասությունները։ Բայց, ինչպես դիպուկ նկատել է Ուինսթոն Չերչիլը, դաշնակիցների հետ կռվելուց ավելի վատ կարող է լինել միայն առանց նրանց կռվելը, գրում է The Washington Post-ը։




























