Ուրբաթ երեկոյան Ֆրանսիայի Ատլանտյան Լուար դեպարտամենտի Լա Բոլ շրջանում կործանվել է Cessna 421 տեսակի մասնավոր թեթև օդանավը։ Ինքնաթիռն ընկել է տեղի աերոդրոմի մոտակայքում գտնվող ցորենի դաշտը։ Աղետի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Le Figaro-ն։

Քննությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվածների թվում է «Ubisoft» ընկերության համահիմնադիր Կլոդ Գիյմոն, որը, ըստ հաղորդումների, եղել է օդանավի ղեկին։

«Ubisoft»-ը ֆրանսիական ընկերություն է, տեսախաղերի մշակմամբ և հրատարակմամբ զբաղվող խոշորագույն հսկաներից մեկն աշխարհում։ Այն մասնագիտացած է էքշն, արկածային և բաց աշխարհ ժանրերի մեծածավալ համակարգչային ու կոնսոլային խաղերի ստեղծման մեջ։

Ընկերության ամենահայտնի նախագծերից են «Assassin’s Creed» և «Far Cry» խաղերի շարքերը, որոնք համաշխարհային մեծ ճանաչում են ձեռք բերել և դարձել խաղային արդյունաբերության առանցքային ֆրանշիզներից։

Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ ինքնաթիռը կայանված է եղել Ռենում և օդ է բարձրացել ժամը 17:20-ի սահմաններում՝ ուղղություն վերցնելով դեպի Լա Բոլ, որտեղ այդ պահին ավելի քան հարյուր օդանավերի մասնակցությամբ ավիացիոն միջոցառում է անցկացվել։