Գինեսի ռեկորդակիր «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ից ճոպանուղու շահագործումն իրականացվելու է ամառային ռեժիմով, այն է՝ 10:00–18:00 ժամային գրաֆիկով: Կանոնավոր ուղեւորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր` բացառությամբ երկուշաբթի (պրոֆիլակտիկ) օրվանից:
ՀՀ ոչ աշխատանքային երկուշաբթի օրերին (ՀՀ կառավարության որոշումներով ոչ աշխատանքային սահմանված երկուշաբթի օրեր, տոն եւ հիշատակի օրեր, Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրեր) ճոպանուղին ուղեւորափոխադրումներ է իրականացնում՝ ըստ սահմանված 10:00–18:00 ժամային գրաֆիկի:
Հաշվի առնելով ճոպանուղու շահագործման ծախսերի աճը՝ ճոպանուղին շահագործող «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. հունիսի 1-ից սահմանել հետեւյալ գնացուցակը.
- Միակողմանի տոմս՝ 3000 դրամ,
- Երկկողմանի տոմս՝ 4000 դրամ,
- Ուղեւորությունը հարակից համայնքների բնակիչների համար՝
- երկկողմանի տոմս՝ 1000 դրամ,
- միակողմանի տոմս՝ 500 դրամ:
«Տոմսերի գների բարձրացման որոշումը դժվարությամբ է կայացվել, սակայն այն որոշակիորեն թեթեւացնելու է ճոպանուղու շահագործման աճող ծախսերը: 2011թ. տոմսերի վաճառքից ստացված գումարները միայն մասամբ են ծածկել ճոպանուղու տեխսպասարկման եւ հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները»,- ասել է «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:




























