Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանը կարող է զրկվել իր պաշտոնից այն բանից հետո, երբ դատարանի վերահսկիչ մարմնի ղեկավարությունը եզրակացրել է, որ նա ոչ պատշաճ սեռական հարաբերությունների մեջ է եղել կրտսեր աշխատակցուհու հետ և թույլ է տվել ծառայողական էթիկայի լուրջ խախտում, հայտնում է Reuters գործակալությունը։
Reuters գործակալության ծանոթացած 27-էջանոց փաստաթղթի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների ասամբլեայի գործադիր բյուրոն խորհուրդ է տվել հեռացնել Խանին պաշտոնից։ Փաստաթղթում նշվում է, որ նրա գործողությունները կազմում են «պարտականությունների լուրջ խախտում» և «լուրջ կարգապահական զանցանք»։
Որոշման հիմքում ընկած են 2024 թվականին դատարանի աշխատակցուհու կողմից ներկայացված մեղադրանքները։ ՄԱԿ-ի զեկույցում, որին հղում է անում փաստաթուղթը, պնդվում է, որ դատախազի և ենթակայի միջև հարաբերությունները ժամանակի ընթացքում վերածվել են անցանկալի սեռական շփումների։ Ինչպես նշվում է նյութերում, միջադեպերը, իբր, տեղի են ունեցել Խանի ծառայողական աշխատասենյակում, նրա մասնավոր բնակավայրում և արտասահմանյան գործուղումների ընթացքում։
Ինքը՝ Քարիմ Խանը, կտրականապես մերժում է մեղադրանքները։ Նրա փաստաբանները հայտարարել են, որ որոշումն անօրինական է, ընթացակարգային առումով անարդար և ապացույցներով չհիմնավորված։ Պաշտպանությունը նաև հղում է անում դատավորների եզրակացությանը, ըստ որի առկա նյութերը բավարար չեն մեղադրանքները «ողջամիտ կասկածից վեր» հաստատելու համար։
Դատախազի ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունեն Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունները։ Քվեարկությունը կկայանա հուլիսի 24-ին Նյու Յորքում՝ մասնակից պետությունների ասամբլեայի նիստի շրջանակում։ Խանին պաշտոնից հեռացնելու համար անհրաժեշտ է առնվազն 125 անդամ երկրներից 63-ի աջակցությունը։
Իրավիճակը ստացել է լրացուցիչ քաղաքական հնչեղություն այն պատճառով, որ Խանի կողմնակիցները նրան համարում են ճնշման թիրախ այն բանից հետո, երբ 2024 թվականին նա հասավ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերների տրամադրմանը՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների կապակցությամբ։
Այս ֆոնին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի 11 դատավորների և դատախազների նկատմամբ, այդ թվում՝ հենց Խանի։ Վաշինգտոնը այդ քայլերը բացատրել է իսրայելցի ղեկավարների ձերբակալության օրդերների հետ անհամաձայնությամբ, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների գործողությունների վերաբերյալ դատարանի ավելի վաղ անցկացված քննությամբ։
Սակայն նույնիսկ Քարիմ Խանի հրաժարականի դեպքում նախկինում տրված ձերբակալության օրդերները կմնան ուժի մեջ, քանի որ դրանք հաստատվել են Միջազգային քրեական դատարանի դատավորների կողմից և կախված չեն դատախազի կարգավիճակից։





























