Օսլոյի Կառավարական պալատում, մայիսի 7-ին, տեղի է ունեցել «Բիզնես հանուն խաղաղության 2012» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը, որտեղ մրցանակ է հանձնվել Էդուարդո Էռնեկյանին: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ:
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էին Հանձանաժողովի անդամներ` 2006թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Մուհամեդ Յունուսը, 2004թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Վանգարի Մաաթհային, տնտեսագիտության ոլորտում Ալֆրեդ Նոբելի անվան Sveriges Riksbaks մրցանակակիր պրոֆեսոր Մայքլ Սպենսը: Արարողությանը մասնակցել են նաեւ Նորվեգիայում Արգենտինայի դեսպան Խուան Մանուել Օրտիս դե Ռոսասը եւ Կորպորասիոն Ամերիկայի փոխնախագահ Հյուգո Էռնեկյանը:
«Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամը Առեւտրի միջազգային պալատի հետ ամեն տարի ընտրում է բացառիկ բիզնեսմենների մի խումբ, որոնք բացի գործարարության մեջ առանձնանալուց, իրենց ընկերություններում ունեցել են հանրայնորեն արժեքավոր ձեռքբերումներ:
Բացի արգենտինահայ գործարարից այս տարի ընտրվել են նաեւ Իբրահիմ Աբուլեյշը` Եգիպտոսից, Անիլ Ագարվալը` Հնդկաստանից, Վլադաս Լասասը` Լիտվայից, Դավիթ Վ. Մաքլենանը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռեջինալդ Ա. Մենգրին` Տանզանիայից եւ Լատիֆուր Ռահմանը` Բանգլադեշից:
Արարողությանը հաջորդած ընթրիքի ընթացքում Էռնեկյանը նշել է. «Որպես գործարար, ընկերության եւ հանրային աշխատանքի տարբեր ոլորտներում միշտ ձգտել եմ ուղղորդվել համամարդկային արժեքներով> եւ ավելացրել,- <գլոբալիզացված աշխարհում միայն երկխոսության կամուրջներ հիմնելով որեւէ պետութուն չի կարող երկար գոյատեւել, եթե չկան էթիկական այն արժեքները, որոնք նեցուկ են հանդիսանում այդ կամուրջների համար»:





























