Աբովյանում, մայիսի 7-ին ծեծի ենթարկված Արկադի Գրիգորյանը հրավիրվել է ոստիկանություն եւ նրանից ընդունվել է հաղորդում տեղի ունեցած միջադեպի առթիվ. նրան տրվել է դատաբժշկական փորձաքննություն անցնելու որոշում: Այս մասին NEWS.am-ի տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Բացի այդ, համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում Արկադի Գրիգորյանին ծեծի ենթարկողների անձը պարզելու եւ դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ:

Ավելի վաղ «Ժամանակը» գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի` «Դոդի Էդո» մականվամբ պետը Գագիկ Ծառուկյանի տան հարեւանությամբ գտնվող բենզալցակայանում դաժան ծեծի է ենթարկել  միկրոավտոբուսի վարորդին:

«Ըստ ականատեսների` դաժան ծեծի պատճառը եղել է այն, որ «Դոդի Էդոյի» ճանապարհ տալու պահանջին վարորդը չի արձագանքել: Ըստ ականատեսների` ծեծվելու պահին միկրոավտոբուսի մեջ է եղել նաեւ վարորդի կինը: Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամները թույլ չեն տվել տուժածին տեղափոխել հիվանդանոց, եւ հիմա նա գտնվում է տանը»: