Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստանի» ընտրացուցակից դուրս մնացած Վարդան Բոստանջյանի համար ԱԺ ընտրությունների արդյունքները անակնկալ չէր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Բոստանջյանը նշեց. «Ես ակնկալում էի, որ կլինի հենց այս գծագիրը»:
Վարդան Բոստանջյանը նաեւ հավանական է համարում, որ ԲՀԿ- կոալիցիա կկազմի Հանրապետական կուսակցության հետ: «Կարծում եմ` չկա որեւէ հիմք չկազմելու, որովհետեւ կոալիցիան հետապնդում է մի նպատակ` հնարավորինս նպաստել մեր երկրի զարգացմանը: Իսկ ԲՀԿ-ն ունի այդ պոտենցիալը: Եթե ՀՀԿ-ն որպես մեծամասնություն նպատակահարմար գտնի այդպիսի կոալիցիա կազմել, ԲՀԿ-ն միայն օգուտ կբերի մեր երկրին: Եւ հավանականությունը փոքր չէ կոալիցիա կազմելու»,-ասաց նա:
Բոստանջյանը նաեւ չմեկնաբանեց ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանի հայտարարությունը կոալիցիայի ոչ նպատակահարմար լինելու մասին: «Ես ինքս խորհրդարանում գտնված ժամանակ կոալիցիոն տիրույթում եմ եղել եւ մտածում եմ, որ կոալիցիան մեր երկրին բերել է որոշակի նվաճումների»:
Անդրադառնալով ընդդիմության ձայների քիչ լինելու հանգամանքին` Բոստանջյանը նշեց, թե դա չի կարող կանխորոշել քաղաքական զարգացումները: Հարցին, թե հնարավոր է, որ ընդդիմությունը ցնցումների գնա, Վարդան Բոստանջյանն ասաց. «Եթե անգամ նման փորձ կատարվի, դա առնվազն չի կարող քաղաքական դաշտի վրա ազդեցություն ունենալ: Արդեն միայն այն հարաբերակցությունը, որ կա, դա խոսում է այն մասին, որ ընդդիմությունը չի կազմում այն քանակը, որը կարող է բերել ցնցումների»:
Վարդան Բոստանջյանը նախկինում լավ հարաբերություններ ուներ Վիկտոր Դալլաքյանի հետ, սակայն որոշ ժամանակ առաջ քավոր-սանիկն իրար հետ գժտվել էին: Բոստանջյանն, ինչեւէ, չի ուրախացել Վանաձորում Դալլաքյանի կրած պարտությունից: «Դա ինձ չի ուրախացրել: Ես ուզում եմ, որ նոր ընտրված պատգամավորը լինի այնքան հաջող ու այնքան մակարդակ ունենա, որքան Վիկտոր Դալլաքյանը, որին ես համարում եմ, որ յուրաքանչյուր պետություն կուզենար Վիկտորի պես մարդկանց ունենար իր խորհրդարանում»,- ասաց Բոստանջյանը` հավելելով, որ իրենց հարաբերությունները շատ լավ են:



























