Գեղաքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում ՀՀԿ-ական գյուղապետն ու դպրոցի տնօրենն սպառնացել են դպրոցի ԲՀԿ-ական պահակին եւ ազատել աշխատանքից ԲՀԿ-ի հանրահավաքին մասնակցելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեց Կարճաղբյուր գյուղի դպրոցի արդեն նախկին պահակ Գագիկ Դավթյանը:
Գնալով նրա ահազանգի հետքերով NEWS.am-ը զրուցեց Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանի հետ, ով մեր հարցին ի պատասխան արձագանքեց. «Դա սուտ սարքած բան է: Նա աշխատանքի մեջ է, նման բան չկա»: Իսկ դպրոցի տնօրեն Ավթանդիլ Գրիգորյանն ավելացրեց. «Դա 100 տոկոսով սուտ է եւ նա աշխատանքից ազատված չէ: Պահակի հետ ոչ նման բանավոր խոսակցություն է եղել, ոչ էլ նման հարց է քննարկվել: Ինքը աշխատանքի չի ներկայացել մայիսի 2-ից, բայց ես իրեն չեմ ասել աշխատանքից հեռացի: Իրեն չեմ տեսել կարող ա հիվա՞նդ ա, անաշխատունակության թերթիկի մե՞ջ ա»:
Հարցին, թե ինչքը չի՞ հետաքրքրվում, թե ինչու պահակը չի ներկայանում աշխատանքի, հատկապես այն դեպքում, երբ դպրոցը մնացել է առանց պահակի տնօրեննը պատասխանեց. «Չէ, 3 պահակ ունեմ, նրա փոխարեն էն մյուս պահակներն են աշխատում»:
Իսկ երբ Գագիկ Դավթյանին փոխանցեցինք գյուղապետի եւ դպրոցի տնօրենի մեկնաբանությունները, վերջինս ասաց. «Դա գյուղապետի սարքածն է: Գյուղապետը մոռացել է, թե ոնց էր ինձ «ուգռաժատ» անում: Մոռացել ա հա՞ երեւի իմ հետի զրույցը: Ինձ ասել ա, եթե ՀՀԿ-ին չընտրեցիր գնացիր ԲՀԿ-ի հանրահավաքին հարցերդ լուրջ ա լինելու: Էդ իշխանամետ, երիտթուրքամետ Սուլթան Համիդը: Իսկ դպրոցի տնօրենը ինձ ասել ա. «Դուք աշխատանքից ազատված եք եւ ազատեք դպրոցի տարածքը, ես էլ մայիսի 3-ից դպրոցի տարածքն ազատել եմ»: Նախկին պահակը նշեց նաեւ, որ գյուղապետն ու դպրոցի տնօրենը ՀՀԿ-ական են:
Երբ առաջարկեցինք մեկ անգամ էլ ներկայանալ աշխատանքի` տեսնելու համար, թե ինչպես են դրան արձագանքում, նա ասաց. «Ո՞նց գնամ, բա որ տան միլիցիա»: Իսկ հարցին, թե դիմե՞լ է հարազատ կուսակցությանն իրեն աջակցելու խնդրով, նախկին պահակը նախ նշեց, որ կուսակցության հիմնադրման օրվանից ԲՀԿ-ական է, ապա ավելացրեց. «Երբ գնացի պարոն Ծառուկյանի հանրահավաքին ու ինձ հեռախոսով «ուգռաժատ» արեցին ես կուսակցության շտաբ մտա եւ ասացի, որ ինձ սպառնում են: Ասացի ինձ պաշտպանեք, կարո՞ղ է տանեն քցեն «կամեռ», յեսիմ ինչ օյին հանեն գլուխս, բայց ոչ կուսակցության Վարդենիսի շտաբից, ոչ կուսակցությունից խնդրանքիս արձագանք չեղավ»:
Նշենք, որ պահակի ամսական աշխատավարձը 52 հազար դրամ է:



























