Հայաստանի մարզերում մարմնավաճառությունը հիմնականում սեզոնային բնույթ է կրում. հունիսից մինչեւ նոյեմբեր մարմնավաճառների համար ամենաշահութաբեր ամիսներն են, քանի որ գյուղերի բնակիչներն իրենց բերքը բերում են մարզկենտրոն վաճառելու եւ ընթացքում օգտվում մարմնավաճառների մատուցած ծառայություններից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արմավիրի հայտնի մարմնավաճառներից Հասմիկը (նրա խնդրանքով անունը փոխված է):
Մարմնավաճառների փոխանցմամբ, ոստիականությունը ժամանակ առ ժամանակ շրջայցեր է կատարում եւ իրենց հավաքագրում, որից հետո մարմնավաճառները դիսպանսերական փորձաքննություն են անցնում: Ստուգում են` տեսնելու համար վիրուսակի՞ր են, թե` ոչ: Իսկ, եթե մինչ այդ նախազգուշացված են եղել, ապա տուգանվում են, որից հետո կրկին անցնում են իրենց աշխատանքին:
Հասմիկի խոսքով, ինքը մարմնավաճառությամբ սկսել է զբաղվել ամուսնու մահից երեք տարի անց, իսկ տղան իմանալով նրա մասնագիտության մասին, խզել է կապերը մոր հետ եւ մեկնել արտերկիր: Հասմիկը չի էլ մտածում իր մասնագիտությունը թողնելու մասին եւ հիմնավորում. «Ամուսնուս մահից հետո սպասեցի 3 տարի, բայց ամուսնության նպատակով էլ ուզողներ չունեցա: Ջահել, սիրուն կին եմ, ես էլ իմ սեռական պահանջներ ունեմ, հո չէի գնալու մենաստան: Գցեցի-բռնեցի, որ եթե կարող եմ հաճույքի հետ միասին նաեւ եկամուտ ապահովել, ինչո՞ւ միակողմանի լավություն անեմ եւ բարեգործությամբ զբաղվեմ»:
Հասմիկն այսօր ոչնչի կարիք չունի եւ իր վաստակած գումարով կարողանում է իրեն ուզածի պես պահել, իսկ ձմեռներն էլ մեկ այլ երկրում վայելում է վաստակած հանգիստը, բնականաբար չմոռանալով սիրված եւ եկամտաբեր զբաղմունքի մասին: Նա նշում է , որ արտեկիր գնալու հանգամանքը պայմանավորած է նրանով, որ ձմռանը իր մասնագիտության տեր մարդու համար գործ չկա մարզերում եւ այն ակտիվանում միայն բերքահավաքի ժամանակ: Իսկ քաղաք չի գալիս, քանի որ, ըստ նրա, բոլոր տեղերն արդեն զբաղված են եւ ինքը այն տարիքում չէ, որ 0-ից սկսի:
Նշենք, որ Երեւանում էլ մարմնավաճառները դժգոհեցին հաճախորդների սակարկումներից: «Չհասկացանք, էդ ճգնաժամը բոլորի գործի վրա ազդել է, բացի մերի՞ց: Քիչ է մնում պետպատվերից թուղթ բերեն, որ ձրի սպասարկենք: Հիվանդանոցներում մեզ պետպատվերով ընդունո՞ւմ են»,- դժգոհեց Մառան եւ ավելացրեց, որ հաճախորդներից հազար վարակ ու հիվանդությություն են ստանում:
Հարցին, թե օրական քանի հաճախորդի են սպասարկում, Մառան պատասխանեց, որ եթե իրենց մնա, 7 հոգու քնած կարող են ընդունել, բայց օր է լինում, որ ընդամենը 2-ն են լինում կամ ընդհանրապես չեն լինում:
Պատրաստեց Արեւիկ Արամյանը




























