Շուշիի ազատագրումը նշանակալի իրադարձություն էր, սակայն հայ ժողովուրդը, հաղթանակի հասնելով արտաքին ճակատում, ներքին ճակատում, մեղմ ասած, խնդիրներ ունի: Այդ մասին Հաղթանակի զբոսայգում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, Շուշիում նվաճված ազատությունն այսօր պետք է Երեւանին:
Փաշինյանն այն կարծիքին չէ, թե խորհրդարանական ընտրություններում հայ ժողովուրդը հերթական հաղթանակը տարավ: «Եթե խոսենք հաղթանակի մասին, կարելի է արձանագրել, որ ապօրինի, հանցավոր ռեժիմը հաղթանակ տարավ ժողովրդի նկատմամբ»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Հարցին, թե ով է գլխավորելու ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանում, Փաշինյանը պատասխանեց, որ խմբակցության ղեկավարն ընտրվելու է կանոնակարգ-օրենքի համաձայն: Նա չնշեց կոնկրետ անուն: «Խմբակցությունը կհավաքվի, կքննարկի այդ հարցն ու որոշում կկայացնի»,- նշել է նա:


























