Հայ ազգային կոնգրեսին ամենամեծ անհանգստություն պատճառող հանգամանքն արտագաղթն է: Այս մասին այսօր` մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ ներկայացուցիչ Արշակ Բանուչյանը, ով առաջադրվել էր թիվ 11 ընտրատարածքում, սակայն այդտեղ հաղթեց Գրիգորի Մարգարյանը («Բելաջոյի Գրիշ»):
«Եպիսկոպոսներից մեկն ասել է, որ քո ազգը ցրվելու է աշխարհով մեկ եւ շենացնելու է ուրիշի տունը, իսկ իրենն ավերակվելու է»,-նշեց Արշակ Բանուչյանը, նկատելով, որ հիմա մենք այդ վիճակում ենք:
«Ամենաանհանգստացնողն արտագաղթն է: Ես ուզում եմ, որ բոլորը մնան երկրում եւ կռիվ տան: Ես համոզվել եմ, որ մարդկանց հնարավոր է այդ հարցում համոզել: Օրինակ, մեր տեղամասում 3 հազարից ավելի անվավեր քվեաթերթիկ է եղել, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ փող չեն վերցրել, ՀՀԿ-ի օգտին չեն ցանկացել քվեարկել, գնացել քվեաթերթիկն անվավեր են դարձրել»,- նկատեց Արշակ Բանուչյանը:
Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի հետ համագործակցությունը չազդե՞ց իրենց ձայների վրա, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենց տեղամասում աշխատել է թե’ ԲՀԿ-ի, թե’ ՀՅԴ-ի հետ, թեեւ նկատեց, որ ԲՀԿ-ի կողմից առաջադրված Գրիգորի Մարգարյանը իրականում աշխատել է ՀՀԿ-ի համար: «Գուցե ճշմարտություն կա ասվածի մեջ: Ո՞ւր գնացին մեր ձայները: Բայց համենայնդեպս ԲՀԿ-ի խորհրդարան մտնող պատգամավորների մի մասը մտավորականներ են, որոնք կդրսեւորեն իրենց»,-ասաց նա ու շարունակեց. «Ընտրություններն անցել են, դրանից հետո ինչ-ինչպես կլինի չեմ կարող ասել: Եթե նույնիսկ ձայներ կորցրել ենք, բայց ՀՀԿ-ի դեմ վերհսկողության առումով համագործակցությունը լավ էր»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























