ԲՀԿ համամասնական ցուցակի եւս մեկ անդամ` 12-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Մարգարյանը մեկնաբանություն է տարածել, որտեղ անդրադառնալով իշխանությունների հետ ԲՀԿ-ի հնարավոր կոալիցիա կազմելու խնդրին, այն հնարավոր չի համարում:

«Ընտրությունների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որը տարբեր քաղաքական ուժերի պոտենցիալի օգտագործման, ներքաղաքական համերաշխության եւ համագործակցության տեսակետից այնքան էլ նպաստավոր չէ: Փաստորեն ՀՀ Ազգային Ժողովում Հանրապետական կուսակցությունը ստացավ քաղաքական մենաշնորհի իրավունք: Ինչպե՞ս դա կանդրադառնա երկրի զարգացման հետագա ընթացքի վրա /որն ի դեպ ամենաշատն է հետաքրքրում ազգաբնակչությանը/, գուշակություններ չանենք, շատ արագ կերեւա:

Քաղաքական կոալիցիաներ տարբեր ժամանակներում տարբեր ֆորմատներով միշտ էլ ձեւավորվել են: Երբեմն նրանց աշխատանքը արդյունավետ է եղել: Այնպես որ այս անգամ եւս բացառել դա բոլոր քաղաքական ուժերի համար չեմ կարող: Իրավիճակն այլ է ԲՀԿ-ի մասնակցության առումով: ԲՀԿ-ն ստացել է Հայաստանի պայմաններում շատ մեծ քանակությամբ իրական ձայներ, մոտ կես միլիոն: Ամեն ինչից զատ շատ կարեւոր է վերլուծել եւ ի նկատի ունենալ ընտրողների կամքը:

Կարծում եմ քաղաքական գործունեության արդյունավետ շարունակման համար շատ կարեւոր է մշտապես արտահայտել ընտրողների կամքը եւ հենվել նրանց վրա: Մի կարեւոր հանգամանք եւս. քաղաքական որեւէ ուժի կողմից բացարձակ մեծամասնություն ունենալու պարագայում ես չեմ տեսնում որոշումների ընդունման վրա ազդելու արդյունավետ մեխանիզմ: Այնպես որ, ամեն ինչից բացի, վտանգ կա ստանձնել պատասխանատվություն` առանց արդյունավետ լծակների: Այս ամենը նկատի ունենալով, չեմ կարծում, թե ԲՀԿ-ի մասնակցությունը հնարավոր կոալիցիային` ճիշտ է»,-ասված է Ս. Մարգարյանի մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ մեկնաբանություններով հանդես էին եկել Վարդան Օսկանյանը (ԲՀԿ ընտրացուցակի 2-րդ հորիզոնական), Նաիրա Զոհրաբյանը (6-րդ հորիզոնական) եւ Վահե Հովհաննիսյանը (7-րդ հորիզոնական): Իսկ ահա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռեւս այս խնդրի առնչությամբ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: