Թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր ընտրված գործարար Գարեգին Նուշիկյանը երբեւէ մեղադրանքներով հանդես չի եկել եւ ներկայումս էլ որեւէ մեկին մեղադրանք չի ներկայացնում: Այս մասին հայտնել են Նուշիկյանի մամուլի ծառայությունից` անդրադառնալով «Հայոց աշխարհ» թերթում Գ. Նուշիկյանի հարցազրույցին:

Նորընտիր պատգամավորի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ հարցազրույցի այդ հատվածը չի ներկայացնում Գարեգին Նուշիկյանի տեսակետը ու իրականությանը չի համապատասխանում:

«Մասնավորապես հարկ ենք համարում հիշատակել հարցազրույցի վերջին երկու պարբերությունը եւ նշել, որ Գարեգին Նուշիկյանը երբեւէ մեղադրանքներով հանդես չի եկել եւ ներկայումս էլ որեւէ մեկին մեղադրանք չի ներկայացնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում Գարեգին Նուշիկյանն ասել էր հետեւյալը. «Մի քանի տեղամասերում արձանագրությունների համապատասխանությունը իրականությանը խիստ կասկածելի է, քանի որ ներկայացված են անտրամաբանական ու անհասկանալի թվեր:

Թեկնածուներին տրված քվեների նման կտրուկ տարբերություն կարող էր լինել միայն ֆինանսական կամ այլ կողմնակալությամբ քվեարկելու պարագայում»:

Հարցին, թե կարելի է ենթադրել, որ Ձեր դեմ ոչ միայն ՀԱԿ-ն ու ձեր մրցակիցներն են պայքարել, նա ատասխանել է. «Միանգամայն ճշգրիտ դիտարկում է: Վստահորեն կարող եմ ասել, որ ՀԱԿ-ի առաջադրած թեկնածուին բացահայտորեն պաշտպանում էին նաեւ «Բարգավաճ Հայաստան» ու «Ժառանգություն» կուսակցությունները՝ իրենց բոլոր հնարավորություններով ու կարողություններով:

Եւ ԲՀԿ-ականները, եւ ժառանգականները առնվազն ականատես եղել են եւ իրենց պաշտպանյալի թիմի կատարած ընտրախախտումներին, եւ ընտրակաշառք բաժանելու իրողությանը: Նրանք այդ մասին որեւէ հայտարարություն չեն արել, կանխելու որեւէ քայլ չեն ձեռնարկել:

Հետեւաբար բացահայտ է, թե լրատվամիջոցների հրապարակումները՝ ընտրակաշառքի աննախադեպ ծավալների զանգվածայնության մասին, որ թեկնածուին են վերաբերում: Միաժամանակ չկա որեւէ հրապարակում, որում անգամ կասկած հայտնված լինի, թե Նուշիկյանի թիմը ընտրակաշառք է բաժանում»: