Թիվ 19 ընտրատարածքում գեներալ-լեյտենանտ Սեդրակ Սարոյանին հաղթանակը դժվարությամբ չի տրվել. ավելին` նա մինչ այդ էլ համոզված է եղել, որ ժողովուրդն ի օգուտ իրեն որոշում կկայացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սեդրակ Սարոյանը (գեներալ Սեյրան): Նշենք, որ վերջինիս հիմնական մրցակիցը նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր («Ճոյտ»):

Ս. Սարոյանը սիրով պատասխանեց մեր մի քանի հարցերին:

Պարոն Սարոյան, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը:

Բա էսօր էտ օրն ա՞: Էսօր մեզ համար պռազդնիկա (նկատի ունի Երկրապահի օրը, որը ԵԿՄ-ն այս տարի նշեց մայիսի 11-ին-խմբ): ի՞նչ ընտրություն:

Դե թիվ 19 ընտրատարածքի հաղթող թեկնածու եք:

«Նու ի շտո», ինչ կապ ունի: Էնի ուրիշ բան ա, էսի` ուրիշ բան: Էսօր սաղս հավաքվել ենք Եռաբլուր ` մեր տոնն ա, ուրախանում ենք: Քեֆ ենք անելու: Ի՞նչ քաղաքականություն, ի՞նչ բան:

Դժվարությա՞մբ հաղթեցիք Հակոբ Հակոբյանին:

Իհարկե, ոչ: Ես համոզված էի, որ ժողովուրդն իր որոշումը կկայացնի: Անկախ նրանից, թե ո՞վ հաղթեր, մենք նրան կգնայինք կշնորհավորեինք:

Ձեր մրցակիցը հայտարարում էր, որ վերջին 5 տարում Հայաստանում չեք բնակվել, ուստի իրավունք չունեք պատգամավոր առաջադրվել:

Տեսա՞ր ինչ էղավ: Սուտ էր, շանտաժ: Օրենք կա, պետություն կա, խոմ իմ ասելով չի:

Բայց նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում էլ է իր թեկնածությունը դնելու, իսկ մինչ այդ քաղաքապետի ընտրություններում է իր թեկնածությունը առաջադրելու:

Թող դնի: (Ծիծաղում է): Մեկա կրվելու համար խելքը իրանը չի:

Հիշեցնենք, որ թիվ 19 ընտրատարածքում թեկնածուներ էին առաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը` «Ճոյտ» (ինքնաառաջադրում), Սեդրակ Սարոյանը (ՀՀԿ), անկուսակցականներ Սագիս Քոչարյանը, Հակոբ Վարշամի Հակոբյանը:Սակայն ընտրություններում հաղթեց Սեդրակ Սարոյանը: Իսկ ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հակոբ Հակոբյանը ԿԸՀ-ին ուղղված իր դիմումում նշել էր, որ խախտվել է սահմանադրական իրավունքը, եւ եթե Խաչատուր Սուքիասյանին չեն գրանցել` պատճառաբանելով, որ նա վերջին հինգ տարում չի ապրել Հայաստանում, ապա ինչո՞ւ են գրանցել թիվ 19 ընտրատարածքում թեկնածությունը առաջադրած Սեդրակ Սարոյանին: Հակոբ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ ինքը փաստացի տվյալներ ունի, որ վերջին 5 տարում Սեդրակ Սարոյանն անընդմեջ չի բնակվել Հայաստանում, այդ հարցում նրան օգնել են Ուկրաինայի եւ Մոսկվայի իր կողմնակիցները եւ որպես ապացույց` համապատասխան փաստաթղթեր են վերցրել` ներկայացնելու իշխանությանը, որ «եթե իշխանությունները չհասկանա, ապա գոնե հասարակությունը կիմանա»: Սակայն Սեդրակ Սարոյանը (գեներալ Սեյրան) թիվ 19 ԸԸՀ-ի կողմից գրանցվեց որպես պատգամավորի թեկնածու եւ հաղթեց:

Պատրաստեց` Տաթեւ Մեսրոպյանը