Կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Աշտարակի բժշկական կենտրոնում մահացած Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 76-ամյա Զավեն Մարտիրոսյանին, ոչ թե սպանել են, այլ նա այդկերպ ինքնասպան է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Նոր Երզնկա  գյուղի գյուղապետ Ալինա Հարությունյանը, հավելելով, որ նա անասնագոմ գնալու ճանապարհին դանակով հարված է հասցրել իր սրտին:

Գյուղապետը նշեց, որ դեռ չի կարող միանշանակ պնդել, թե որն է եղել ինքնասպանության պատճառը` սոցիալական պայմաննե՞րն են եղել, թե այլ խնդիր կա:

«Նրա 4 տղաներն արտագնա աշխատանքի են մեկնել, իսկ 2 աղջիկներն ամուսնացած են եւ այնպես չէ, որ շատ վատ են ապրում: Սովորական միջին պայմաններով ապրող ընտանիք են: Հնարավոր է մարդու մոտ ներքին հոգեվիճակով է եղել պայմանավորված տեղի ունեցածը: Նորմալ ընտանիք են եղել , գյուղում հարգված են եղել բոլորի կողմից: Տղաներից մեկի հետ էր ապրում, բայց քանի որ տղան մեկնել էր արտագնա աշխատանքի, կնոջ, հարսի եւ թոռների հետ էր բնակվում: Նրանց  հետ եւս միջադեպեր չեն եղել: Ընտանիքով բոլորը իրար հետ կապված են եղել: Ախր շատ  լավ գերդաստան է, ինքն էլ հոյակապ մարդ»,- մանրամասնեց գյուղապետը:

Նա հիշեց, որ վերջին անգամ Զավեն Մարտիրոսյանին ընտրությունների ժամանակ է տեսել: «Ինքն ու կինը միասին, թեւ-թեւի եկել էին ընտրության; Կանգնեցինք զրուցեցինք գնացին: Տարիքով մարդ ա, ի՞նչ իմանաս, ի՞նչ ա եղել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 10-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 76-ամյա Զավեն Մարտիրոսյանի դիակը: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: