ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է Ստեփան Դեմիրճյանի եւ Լյուդմիլա Սարգսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու հնարավորության մասին համառորեն շրջանառվող լուրերը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Նախ եւ առաջ հարկ է ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը կայացել է «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքին մաս կազմող բոլոր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների միահամուռ համաձայնությամբ:
Որեւէ այլ որոշում, կապված ընտրությունների արդյունքներից կամ Կոնգրեսի պատգամավորական խմբակցության թվաքանակից բխող գործողությունների վերաբերյալ, չի ընդունվել: Առավել եւս, երբեւէ չի դրվել որեւէ պարագայում պատգամավորական մանդատից հրաժարվելու հարցը:
Ուստի Ստեփան Դեմիրճյանի եւ Լյուդմիլա Սարգսյանի իբրեւ-թե հնարավոր հրաժարականի մասին տարածվող խոսակցությունները բացարձակապես հիմք չունեն եւ, դատելով մանավանդ իշխանամետ լրատվամիջոցների պահվածքից, դրանք ակնհայտորեն շահարկվում են իշխանական քարոզչամեքենայի կողմից, ինչը նշանակում է, որ իշխանություններն այնքան անհանգստացած են անգամ Կոնգրեսի փոքրաթիվ խմբակցության գոյությունից, որ փորձում են թեկուզ խառնակչությամբ պառակտում մտցնել նրա ներսում: Զուր ջանքեր են, ոչինչ չի ստացվի»:
Այն հիշեցմանը, թե կարծես-թե Արամ Սարգսյանի պարագայում այդ խառնակչությունն արդյունք տվեց, Տեր-Պետրոսյանն առարկել է հետեւյալ կերպ. նրա պարագան բոլորովին այլ է, քանի որ նա իր պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշման մասին հրապարակորեն հայտարարել էր դեռեւս ընտրություններից առաջ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:



























