Երեւանում «DIY» ակումբի պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Այդ մասին, այսօր` մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այդ ակումբի ղեկավար Արմինե Օգանեզովան (Ծոմակ), հավելելով, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից:

Նրա խոսքով, իրենք շատ փաստեր ունեն դրա վերաբերյալ, որոնք պատրաստվում են ներկայացնել ոստիկանությանը:
DIY ակումբի պաշտպանությամբ հանդես եկող Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ ներկայացուցիչ Մարինե Մարգարյանն էլ հայտարարել է, որ ակումբի պայթյունն ահաբեկչություն է: Նրա խոսքով, այդ երիտասարդները աչքի են ընկել տարբեր ակումբների վրա հարձակումներով: «Վեց-յոթ ամիս նրանք նախապատրաստել են ահաբեկչական գործողությունը, այո, դա ահաբեկչություն է, որովհետեւ շենքը, որտեղ գտնվում է ակումբը, ապրում են մարդիկ, երեխաներ», -ասել է Մարգարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող «DIY փաբը»:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ օրը, ժամը 05.05-ի սահմաններոմ, եղբայրներ՝ 20-ամյա Արամե եւ 19-ամյա Համբիկ Մ.-երը, նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի  պատուհանի ապակին եւ նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:

Մայիսի 9-ին, ժամը 13.00-ին Արամե եւ Համբիկ Մ.-երը Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվել բաժին:

Նախօրեին ակումբը պայթեցնելու մեջ կասկածվող երկու երիտասարդները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսն ազատվել է գրավի դիմաց:

Ակումբի սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է: «DIY փաբի» տնօրեններից Նարինե Քեշիշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ պայթեցնողները 4-5 երիտասարդներ են եղել` 20-22 տարեկան, ովքեր պարբերաբար կոնֆլիկտի մեջ են մտել սեփականատերերի հետ: Ըստ Նարինեի, կողքի խանութի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես 4-5 երիտասարդներ ջարդել են պատուհանները, ինչ-որ բան լցրել եւ միանգամից փախել, իսկ ակումբը պայթել է:

«Մենք իրենց ճանաչում ենք, որովհետեւ իրենք մի քանի անգամ մեր հետ կոնֆլիկտի մեջ են մտել, այսինքն` ակումբի առաջ թքում էին գետնին, հետ էին տալիս, դրանք այն մարդիկ են, ովքեր իրենցից բացի` ոչ մեկին չեն ընդունում, կարելի է ասել չուզողներ, թշնամի, ֆաշիստական ինչ-որ բաներ ունեն իրենց մեջ, մի քանի անգամ տարբեր տեղեր մտել են, խփել են, ջարդել-փշրել»,- ասել էր տնօրենը` հավելելով, որ պայթյունը եղել է ատելության եւ նախանձի հողի վրա:

Պայթյունի հետեւանքով ամբողջ ակումբը` սառնարաններ, խմիչքներ եւ այլն, այրվել է, մնացել է ընդամենը 5-6 աթոռ եւ երկու սեղան: