Տավուշի մարզում, հոկտեմբերի 17-ին, 83-ամյա կնոջը ծեծի ենթարկած եւ բռնաբարած 26-ամյա Արեն Սարուխանյանի պատիժը կարող է մեղմացվել. նա արագացված դատավարությամբ դատապարտել է 5 տարի` 5 ամիս ազատազրկման: Նրա փաստաբանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, եւ այդ գործով առաջին ատյանի դատարանում նոր դատ կկայանա:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ի թղթակցին փոխանցեցին, որ վերաքննիչ դատարանից առաջին ատյանի դատարանը բողոքը դեռ չի ստացել, հետեւաբար դեռ որոշված չէ, թե երբ կկայանա դատական նիստը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 26-ամյա Արեն Սարուխանյանին Տավուշի մարզի 1-ին ատյանի դատարանը` նախագահությամբ Ռաֆիկ Մելքոնյանի, արագացված դատավարությամբ դատապարտել էր 5 տարի` 5 ամիս ազատազրկման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր Ռաֆիկ Մելքոնյանի օգնական Անուշիկ Կոստանյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ Սարուխանյանն ընդունել է իր մեղքը, սակայն դժգոհել է, որ պատիժը խիստ է, հետեւաբար դատավճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան եւ ավելի մեղմ պատիժ է ակնկալում:
Նշենք, որ Արեն Սարուխանյանը ծնվել է Լոռիի մարզի Լեջան գյուղում, սակայն վերջին դեպքից 5 տարի առաջ նա բնակության վայրը փոխել է: Ներկա պահին վերջինս պատիժը կրում է Վանաձոր քրեակատարողական հիմնարկում:
Արեն Սարուխանյանը նախկինում եւս մեկ անգամ դատապարտվել է հարեւանուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Նշվել էր, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, 26-ամյա Արեն Սարուխանյանը ներխուժել էր տարեց կնոջ տուն, բռնաբարել նրան, ծեծի ենթարկել եւ պատճառել վնասվածքներ՝ կնոջ հասցեին տալով հայհոյանքներ: Նույն օրը, բռնաբարություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արեն Սարուխանյանը: Վերջինս մեկ անգամ արդեն ազատազրկման դատապարտվել է 2009 թվականին, հարեւանուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Սարուխանյանն ազատազրկման էր դատապարտվել 3 տարի 15 օր ժամկետով, սակայն այս տարի համաներմամբ ազատ էր արձակվել:




























