Հայաստանում կա պայթունավտանգ իրավիճակ: Այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նրա խոսքով, արտաքին քաղաքական դաշտում ԼՂ հարցի շուրջ օդակը գնալով սեղմվում է, դրան գումարվելու է հայ-թուրքական սահմանի բացման ԱՄՆ-ի նկատառումները:

Ըստ Ա. Կարապետյանի, պայթյունավտանգ իրավիճակի մասին է վկայում նաեւ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական դրությունը: Նա նշեց, որ եթե այս ամենը կուտակվի, հնարավոր է իրավիճակը պայթի: Իսկ հարցին, թե նման զարգացման դեպքում ո՞վ է առաջնորդելու ժողովրդին, «Նոր ժամանակների» առաջնորդը պատասխանեց, որ, ըստ իրեն, այն ուժը, որն այս ընտրություններին չմասնակցեց: Հիշեցնենք, որ ՆԺԿ-ն չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Արամ Կարապետյանը հայտարարեց, որ միանշանակ առաջադրելու է իր թեկնածությունը 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում, միաժամանակ, նշելով, որ հեղափոխություն կարող են անել այն ուժերը, որոնք երեք նախագահների ուղեծրից դուրս են:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի