Հայաստանի դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությունը պարզաբանել է այսօր` մայիսի 16-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած միջադեպը:
Ծառայության պետ Արսեն Բաբայանի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել դատական նիստից հետո, ոչ թե դատական նիստերի դահլիճում, այլ՝ դատարանի վարչական շենքի միջանցքում:
«2012թ. մայիսի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում տվյալ քրեական գործով անցնող ամբաստանյալներից մեկի որդին դուրս գալով դատական նիստերի դահլիճից մոտեցել է գործով վկայի եւ քաշքշել վերջինիս: Միջադեպը կանխվել է դատարանում ծառայություն իրականացնող դատական կարգադրիչների կողմից: Դեպքի հանգամանքներն ուսումնասիրում է ՀՀ ոստիկանությունը»,- նշել է Բաբայանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ծեծկռտուք է եղել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Սպանության գործով դատավարության ժամանակ կողմերից մեկը` Սարգիս Հակոբյանը, ծեծի է ենթարկել գործով անցնող վկային: Ծեծկռտուքից հետո ոստիկանները նրան բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:




























