Գերմանիայում քննիչները Լայպցիգի օդանավակայանի մոտ հայտնաբերել են երրորդ անօդաչու սարքը, ինչպես նաև մոտ 50 գրամ հզոր ռազմական պայթուցիկ նյութ՝ հեքսոգեն։ Ինչպես հաղորդում են NDR-ը, WDR-ը և Süddeutsche Zeitung-ը՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին, սարքը հայտնաբերվել է օգոստոսի 14-ին օդանավակայանի արևմտյան հատվածին անմիջապես հարող դաշտում։

Ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, օդանավակայանում արդեն հայտնաբերել էին պայթուցիկով անօդաչու սարք, որը, ենթադրաբար, պետք է հարձակվեր ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռի վրա, սակայն դետոնատորը չէր գործել։

Քննիչների կարծիքով՝ նույն գիշեր ևս մեկ դրոն կարող էր բախվել DHL-ի բեռնատար ինքնաթիռին․ դրա պոչամասում ավելի ուշ վնասվածքներ էին հայտնաբերել։ Bild-ի տեղեկություններով՝ իրավապահները հենց սկզբից էլ չէին բացառում, որ անօդաչու սարքերը կարող էին երեքը լինել։

Քննությունը դիտարկում է հիբրիդային հարձակման վարկածը, որի հետևում կարող են կանգնած լինել օտարերկրյա հատուկ ծառայությունները։ Օդանավակայանից ոչ հեռու գտնվող լքված Կուրսդորֆ բնակավայրում նույնպես հայտնաբերվել է տեխնիկական կոնստրուկցիա, որը կարող էր օգտագործվել անօդաչու սարքը կառավարելու համար։

Դաշնային քրեական ոստիկանության վարչությունը գործը քննում է Գերմանիայի գլխավոր դատախազության ղեկավարությամբ՝ ահաբեկչության կասկածով։