Մայիսի 25-ին հնչող Վերջին զանգի կապակցությամբ խանութներում եռուզեռ է նկատվում, ծնողները նախապատրաստությունների վերջին շտրիխներ են անում: Սակայն բողոքում են թե առեւտրականները եւ թե ծնողները: Առեւտրականները նշում են, որ «նախորդ տարիների նման չէ, ժողովրդի ձեռքը փող չկա, վաճառողները շատ են, առնող չկա», իսկ ծնողներն ասում են, որ ամեն ինչ շատ թանկ է եւ Վերջին զանգի օրերին էլ ավելի է թանկանում հագուստը, կոշիկը, ծաղիկները եւ այլն:
Ամեն դեպքում, ավարտական դասարանում երեխա ունեցող ամեն մի ծնող իր ունեցած, չունեցած հնարավորությունների շրջանում փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ օրը իր երեխան մնացածներից հետ չմնա, ոչնչով չզիջի, իրեն վատ չգա, քանի որ «Վերջին զանգը կյանքում մի անգամ է լինում»:
Եւ այդպես, մեկը մյուսին նայելով, ծնողները հաճախ մրցավազքի մեջ են մտնում միմյանց հետ, թե ում գնած հագուստն էր ամենագեղեցիկը, ում երեխան փայլեց նվերներով եւ այլն: Իսկ Վերջին զանգի հետ կապված ծախսերը միջին խավի ծնողների մի մասը հոգում է ամիսներ առաջ կուտակած խնայողություններով, մի մասը` դրան հատկացնում է ամբողջ ամսվա եկամուտը, իսկ մի մասն էլ պարտքով գումար է վերցնում:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ավարտական դասարաններում զավակներ ունեցող ծնողները` հիշելով մայիս ամսվա ընթացքում ծախսած գումարները: «Ինչ անենք, Վերջին զանգը մի անգամ է լինում, հո չե՞մ թողնի` երեխաս ամաչի, էստեղից, էնտեղից գումար եմ պարտք արել, մի մասն էլ հավաքել եմ, որ կարողանամ ծախսերը հոգալ»,- ասաց շրջանավարտ երեխա ունեցող 45-ամյա Սոֆյան:
Վերջին զանգի հետ կապված դպրոցներում, ծնողխորհուրդների որոշմամբ, հավաքվում է մի կլորիկ գումար` ավարտական երեկոյի սցենար գնելու, երաժշտությունը եւ տեսանկարահանումը ապահովելու, դպրոցի տնօրենին, դասղեկին եւ մյուս ուսուցիչներին նվերներ գնելու, դահլիճ, դասարան զարդարելու, միատեսակ զանգեր պատվիրելու, «վինետկա» հանելու եւ այլ նպատակներով: Դպրոցներում այդ նպատակով հավաքվող գումարների ամենատարբեր չափեր են շրջանառվում: Մեր տեղեկություններով` Երեւանի մի շարք դպրոցներում հավաքվում են 60-100 հազար դրամ, մարզերում` ավելի քիչ` 15- 30 հազար դրամ:
Բայց սա դեռ ամենը չէ, դրան գումարվում է նաեւ երեխաների հագուստի ծախսը, ըստ որում` հասկանալի պատճառներով արական սեռի ներկայացուցիչների արտաքին տեսքի վրա ծախսվող գումարը ավելի քիչ է կազմում, քան իգական սեռի ներկայացուցիչներինը: Մեր մոնիթորինգը խանութների շրջանում ցույց է տալիս, որ տղաների կոստյումների գները սկսվում են 30 հազար դրամից, բայց իհարկե այդքանով դժվար է որակյալ եւ գեղեցիկ բան գտնել, իսկ տղամարդկանց կոշիկների գները` 15 հազար դրամից: Եթե տղաները կարող են եւ բեմում` Վերջին զանգի միջոցառմանը, եւ ավարտական երեկոյին, հագնել կոստյում, ապա աղջիկների դեպքում այլ է: Նրանք սովորաբար հագնում են սեւ-սպիտակ հագուստ, որն սկսվում է մոտ 25 հազար դրամից, իսկ ավարտական երեկոյի զգեստը` 35 հազարից: Դրան գումարվում է նաեւ այդ երկու տեսակի հագուստի հետ հագնելու կոշիկներ, որի գինը կազմում է մոտ 40 հազար դրամ: Բայց աղջիկների դեպքում ծախսը մեծանում է նաեւ այն պատճառով, որ կա վարսավիրանոց գնալու եւ հարակից ծառայություններից օգտվելու հարց:
Դպրոցում հավաքվող եւ երեխաների արտաքինի վրա ծախսվող գումարից բացի` կա նաեւ ավարտական երեկո անցկացնելու եւ ռեստորան գնալու խնդիրը, որի համար տարբեր վայրերում տարբեր գումարներ են հավաքում: Եթե մարզերում վերջին զանգին ռեստորան գնալու համար մեկ անձի համար հավաքում են մինչեւ 10 հազար դրամ, ապա Երեւանում` 10-20 հազար դրամ:
Այսպես, այս երեք տեսակի ծախսերն ի մի բերելով` կարելի է ասել, որ շրջանավարտ ունեցող ծնողի համար վերջինզանգյան ծախսերն արժենում են նվազագույնը 150 հազար դրամ:
Այս խնդրի հետ կապված Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շրջաբերական են ուղարկել բոլոր դպրոցներ եւ զգուշացրել, որ կանխեն պարտադիր դրամահավաքությունը, ծնողների հետ խոսեն, որ մայիսի 25-ին խույս տան խնջույքներից, գումար չհավաքեն, ճոխություններ չանեն: «Հնարավորինս լավ դաշտ է ստեղծված, նախորդ տարիների համեմատ` նման բաներ այս տարի չեն արձանագրվել, դրամահավաքության հետ կապված թեժ գծին զանգեր չեն ստացվել»,- նշեց նա:
Նարինե Հովհաննիսյանի խոսքով, եթե ծնողները որոշում են, որ պետք է մայիսի 25-ին գնան ռեստորան կամ սրճարան, ծաղիկներ նվիրեն ուսուցիչներին, ապա իրենք ոչինչ չեն կարող անել, թեեւ տնօրեններին ասել են, որ դա էլ արգելեն:
Նշենք, որ վերջին զանգը խորհրդային ժամանակներից եկող ավանդույթ է, դպրացականների ամենասիրելի եւ ամենասպասված տոնը: Այդ օրը նշում են տարբեր երկրներում, օրվա խորհրդի հետ կապված` բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում:




























