Թուրքիայի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամները, ինչպես եւ հայտարարել էին, հավաքվել են Դիարբեքիրում եւ որոշում կայացրել վայր դնել բոլոր մանդատները։

Լրագրողներից մեկը հարցրել է արդեն փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախագահ Ահմեդ Թուրքին, թե ստեղծելո՞ւ են արդյոք նոր կուսակցություն։ Ահմեդ Թուրքը պատասխանել է, որ կուսակցություն կա, ընթանում են աշխատանքներ, եւ իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն։

Իսկ քրդական փակված կուսակցության անդամ, պատգամավոր Հատիփ Դիջլեն նշել է, որ իրենք խորհրդարանից հեռանալով՝ չեն պատրաստվում թողնել ժողովրդավարական քաղաքական գործունեությունը, եւ կշարունակեն իրենց քաղաքականությունը «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության հարկի տակ։

NEWS.am-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց փակել Թուրքիայի խորհրդարանում 21 պատգամավոր ունեցող քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը (DTP) եւ կուսակցության 37 անդամի 5 տարով արգելել զբաղվել քաղաքականությամբ։