Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին, ով մեր երկիր է ժամանել իր առաքելության ավարտի կապակցությամբ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր երկարաժամկետ համագործակցությունը դրական արդյունքներ է տվել: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական մասնակցությունը ծրագրերի իրականացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետեւ Ձեր փորձը եւ գիտելիքները մշտապես օգտակար են եղել մեզ համար, եւ այն առարկայական ժառանգությունը, որ այսօր ունենք, դրա վառ վկայությունն է: Ուրախ եմ նաեւ, որ IFAD-ի հետ համագործակցությունը շարունակվում է, ինչում մենք շահագրգռված ենք»:
Իր հերթին Հեննինգ Պեդերսենը գոհունակութամբ է խոսել IFAD-ի ֆինանսավորմամբ մեր երկրում իրականացված ծրագրերի մասին եւ բարձր գնահատել այդ գործում ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել IFAD-ի ֆինանսավորմամբ առկա ծրագրերի ընթացքի վերաբերյալ, արծարծվել են դրանց հետագա իրագործմանն առնչվող հարցեր: Պեդերսենը տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է IFAD-ի պատվիրակության հաջորդ այցը` համագործակցության հեռանկարային ուղղությունները եւ նոր ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավարին հանձնել է շնորհակալագիր-նամակ` Հայաստանի Հանրապետության գյուղական տարածքների զարգացման գործում 15-ամյա արդյունավետ համագործակցության, Հայաստանի 6 ծրագրերի հաջող կառա¬վարման, գյուղական ֆինանսական ծրագրերում նոր մոտեցումների կիրառման, ինչպես նաեւ անձնական ու մասնագիտական բարձր որակների համար:




























