Վրացական Քութաիսի քաղաքում ապամոնտաժում են Զինվորական փառքի հուշահամալիրը, որ տեղադրված էր կենտրոնական հրապարակում՝ Մեծ Հայրենականի ժամանակ զոհվածների հիշատակին: Հուշահամալիրի փոխարեն, որի քանդումը կավարտվի դեկտեմբերի 21-ին՝ Միխայիլ Սահակաշվիլիի ծննդյան օրը, վրացական խորհրդարանի համար նոր շենք են կառուցելու: Թբիլիսից խորհրդարանը տեղափոխելու մասին որոշումը պատգամավորներն ընդունել են մի քանի ամիս առաջ՝ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ:

Թեեւ շինարարության տեղը պաշտոնապես չի հաղորդվել, NTV-ի տվյալներով, այն նախատեսված է կառուցել հուշարձանի տեղում: Ներկայումս, շինարարների խոսքերով, ընթանում են բետոնե պատվանդանի փորման աշխատանքները, պայթուցիկ տեղադրելու եւ հուշահամալիրը պայթեցնելու համար:

Հուշահամալիրի քանդումը Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում բուռն հակազդեցություն է առաջացրել:

Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ եւ համալիրի հեղինակ Մերաբ Բերձենաշվիլին հայտնել են իրենց բողոքը: