Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդթը դեկտեմբերի 17-ին կայցելի ISAF՝ International Security Assistance Force-շրջանակում խաղաղապահ առաքելության պատրաստվող հայկական զորախմբին։

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելությունը հնարավորություն կընձեռի ծանոթանալու հայկական խաղաղապահ ուժերին եւ ընդգծելու Հայաստանի՝ ISAF-շրջանակում գործադրվող ջանքերի կարեւորությունը։

Դեսպան Շմիդթը հայկական զորախմբին, ինչպես նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներին` վերջիններիս Գերմանիա մեկնումից առաջ՝ հունվար ամսին կհյուրընկալի «հրաժեշտի երեկոյի» շրջանակում։

Հիշեցնենք, որ հայկական զորախումբն Աֆղանստանում ծառայությունն անցկացնելու է գերմանական զորախմբի կազմում: Աֆղանստանում իր խաղաղապահ առաքելությունն սկսելուց առաջ հայկական զորախումբը Գերմանիայում կանցնի երեքշաբաթյա պատրաստություն։