Չդիվերսիֆիկացված տնտեսությունը՝ հիմնված ընդամենը երկու ճյուղերի՝ շինարարության եւ լեռնահանքային արդյունաբերության վրա, ռիսկային տնտեսություն է, եւ միջազգային տնտեսական ճգնաժամն ապացուցեց այդ թեզի ճշմարտացիությունը: Այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:

Նա նշել է, որ հայկական տնտեսության ապագան շինարարությունը չէ. «Միջազգային ճգնաժամը ցույց տվեց, որ հայկական տնտեսությունն ի վիճակի չէ կուլ տալ այդքան ցեմենտը»,- ասաց Վարուդակիսը՝ ակնարկելով, որ հայկական տնտեսության առյուծի բաժինը կապիտալ շինարարությունն է:

Նրա խոսքով, 2009թ. ծանր տարի էր տնտեսության համար, սակայն ճգնաժամի պիկն արդեն ետեւում է: Վարուդակիսի կանխատեսմամբ՝ ՀՆԱ անկումը տարեվերջին կկազմի 16-17 տոկոս, իսկ ինֆլյացիան՝ 5,5: Ճգնաժամի արդյունքում աղքատության մակարդակն աճել է 3 տոկոսով, եւ եթե չլինեին նպաստներն, այդ թիվը կլինեն 6 տոկոս: Վարուդակիսը նշեց, որ 2010թ. իրավիճակը կկարգավորվի:

Սակայն, ըստ ՀԲ ներկայացուցչի, տնտեսության աճը դանդաղ է լինելու, քանի որ 2010թ. ՀՆԱ-ի աճը կկազմի 1,5 տոկոս:

ՀԲ ներկայացուցիչն իր գոհունակությունը հայտնեց բանկային համակարգի կայունության փաստով: