Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր բուլղարացի գործընկերոջ հետ եւ հայտնել իր անհանգստությունը վերջին շրջանում Բուլղարիայում նկատվող հակաթուրքական միտումների հետ կապված: Այս մասին տեղեկացնում է թուրքական Cafesiyaset կայքէջը:
Թուրքիայի վարչապետը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ հեռախոսազրույցում կարեւորել է Թուրքիա-Բուլղարիա հարաբերությունները եւ հայտնել, որ Թուրքիան ջանքեր է գործադրում դրանք զարգացնելու համար: Էրդողանը բուլղարացի գործընկերոջը հայտնել է իր անհանգստությունը՝ կապված Բուլղարիայում վերջին շրջանում ավելացող հակաթուրքական տրամադրությունների հետ եւ բերել բուլղար ազգայնականների բողոքի օրինակը, ովքեր դեմ են հանդես գալիս օրական 10 րոպե թուրքերեն եթերին Բուլղարիայի պետական հեռուստաընկերությամբ:
Բուլղարիայի վարչապետը Էրդողանին հավաստիացրել է, որ ձեռքից եկածը կանի թուրքերեն եթերի հետ կապված խնդիները լուծելու համար:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Բուլղարիայի ազգային հեռուստատեսությամբ թուրքական լուրերի հեռարձակման դեմ բողոքող ազգայնական «Բուլղար տղամարդիկ» կուսակցության ղեկավար Ռոսեն Մարկովը կրկին բողոքի նոր ձեւով էր հանդես եկել։ Մարկովը բուլղարական խորհրդարանի առաջ փորձել էր ինքնասպան լինել՝ «խարակիրի» անելով իրեն։ Բուլղարական ոստիկանությանը հաջողվել էր էլեկտրաշոկի միջոցով չեզոքացնել Մարկովին։
Բուլղար տղամարդիկ" կուսակցության ղեկավար Ռոսեն Մարկովը ավելի վաղ բուլղարական ազգային հեռուստաընկերության դեմ ինքնահրկիզման փորձ էր արել` ընդդեմ ազգային հեռուստատեսությամբ թուրքական լուրերի հեռարձակման: Ոստիկանությունը կարողացել էր կանխել այդ արարաքը։ Հավաքված բողոքավորների ցուցապաստառների վրա գրված էր. «Ոչ թուրքերեն լուրերին, ինչ կարիք կա նման խայտառակություն»: Բացի այդ, Բուլղարիայում ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ թուրքերեն լուրերի հեռարձակման, ինչպես նաեւ սկսել են նախաձեռնել հանրաքվե անցկացնել՝ արգելելու համար թուրքերեն հեռաձակումները:
Ի դեպ, 2009-ի ամռանը Բուլղարիայի արտգործնախարար Ռումյանա Ժելեւան հայտնել է, որ 1912-1920 թվականներին Թուրքիայից հեռացած բուլղարների համար նախապատրաստվում է փոխհատուցման պահանջ ներկայացնել Թուրքիային:




























