Լեհական ոստիկանությունը հայտնաբերել է Arbeit Macht Frei (Աշխատանքը ձեզ ազատ կդարձնի) մակագրությամբ ցուցանակը, որը Օսվենցիմի ճամբարի դարպասի վրայից գողացվել էր ուրբաթ օրը։ BBC-ի հաղորդմամբ գողերը ցուցանակը կտրել են երեք մասի։

Այս գործով հինգ կասկածյալներ են ձերբակալվել։

Օսվենցիմի ճամբարի գլխավոր դարպասից կատարված գողությունը վրդովմունք է հարուցել ինչպես Իսրայելում, այնպես էլ լեհ քաղաքական գործիչների շրջանում։ Օսվենցիմում՝ մահվան ճամբարում, որը ֆաշիստների կողմից Լեհաստանի հարավում ստեղծվել էր 1940-ական թվականներին, Երկրորդ համաշխարհայինի տարիներին ավելի քան 1 մլն մարդ է վախճանվել՝ հիմնականում հրեաներ։

Գողացված ցուցանակը պատրաստվել էր հենց կալանավորների կողմից եւ ներս մտնողներին դիմավորում էր ծաղրական մակագրությամբ. «Աշխատանքը ձեզ ազատ կդարձնի»։ Ճամբարի շատ կալանավորներ ազատություն այդպես էլ չտեսան։ Օսվենցիմի ճամբարը հատուկ պահպանվել է սերունդների համար եւ վեր է ածվել թանգարանի, որպես ֆաշիզմի գազանության վկա։ Այս ճամբար տարեկան 1 մլն մարդ է այցելում։ Գողացված ցուցանակի բնօրինակը ժամանակավորապես փոխարինվել է կրկնօրինակով, որը պահվում էր թանգարանի արհեստանոցում։