Դեկտեմբերի 12-ին Թաիլանդում կալանված, զինամթերքով բեռնված Իլ-76 ինքնաթիռի ուղերթի վերջնակետը Իրանն է եղել: Այս մասին դեկտեմբերի 21-ի համարում գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը:
Ըստ պարբերականի, Իրանի մայրաքաղաք Թեհրանում ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Բանգկոկում, Շրի Լանկայում եւ Միացյալ Արաբական Էմիրություններում լիցքավորվելուց հետո: Զենքի անօրինական վաճառքի հետաքննման ոլորտում մասնագիտացված ԱՄՆ-ի եւ Բելգիայի փորձագետները թույլտվություն են ստացել ծանոթանալու թռիչքի պլանին:
Ընդ որում, ինչպես պարզ է դարձել թռիչքի պլանից, Փհենյան թռչելիս ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի բազայում. «այդ վայրէջքի պատճառն անհայտ է»:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե 35 տոննա զինամթերքով բեռնված Իլ-76 ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Շրի Լանկայում եւ Մերձավոր Արեւելքի երկրներից մեկում: The Wall Street Journal-ի հաղորդմամբ, նախքան Թեհրանում վայրէջք կատարելը, այն պետք է իջներ Կիեւում, իսկ Իրանում վայրէջք կատարելուց հետո պետք է մեկներ Չերնոգորիա:
Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը Իլ-76 ինքնաթիռը Թայլանդի մայրաքաղաքում կալանվել էր դեկտեմբերի 12-ին։ Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է եղել հինգ մարդուց. հրամանատարը՝ Բելառուսից է, մնացածները՝ Ղազախստանի քաղաքացիներ են եղել։ Նրանք մեղադրվում են ապօրինի կերպով զենք պահելու, բեռի մասին ոչ ճիշտ տեղեկություններ տալու եւ Թայլանդի տարածքով անլեգալ զինամթերք տեղափոխելու մեջ։ Ավելի վաղ իրավապահ մարմինները տեղեկություն էին տարածել, որ ինքնաթիռը, հնարավոր է, պատկանում է Վրաստանին։ Սակայն մինչ այժմ պարզ չէ, թե որ երկրի սեփականությունն է այն։




























