Ռուսաստանը ամեն հնարավոր ջանք գործադրում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար: Այս մասին դեկտեմբերի 22-ին Բաքվում լրագրողներին հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սվետլանա Օռլովան, hաղորդում է ադրբեջանական «Թրենդ»-ը:

Նրա խոսքով, մոտ ժամանակներս այս հարցում կարելի է լավ արդունքների հույս ունենալ: «Անձամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` որպես երկրի ղեկավար առավելագույն ջանքեր է գործադրում հակամարտության լուծման համար»,- հայտարարել է Օռլովան:

Նշենք, որ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սվետլանա Օռլովան գլխավորում է Ադրբեջան մեկնած պատվիրակությունը, որն այդտեղ մասնակցում է միջխորհրդարանական երկկողմ հանձնաժողովի նիստին: Նիստի ընթացքում, ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, քննարկվելու են առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ու մարդասիրական ոլորտներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: