Վրացական կողմը Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը հայտ է ներկայացրել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային կապը վերականգնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը, ներկայումս վրացական կողմը ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը, որոնք քննարկվում են նախարարությունում: Այդ հարցով որոշում կկայացվի մոտ օրերս:
Միաժամանակ, նշվում է, որ առաջին չվերթը տեղի կունենա մոտավորապես դեկտեմբերի 26-ին: «Վրացական կողմից համապատասխան որոշումը կայացվել է, իսկ ռուսական կողմը որոշում կկայացնի մոտ ժամանակներս»,- ասել են վրացական «Էյր Զենա – Վրացական ավիաուղիներ» ընկերությունում:
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն արդար Վրաստանի» կւսակցության առաջնորդ Զուրաբ Նողայդելին հայտարարել է, որ ամանորյա տոներին կկազմակերպվի 4 չվերթ՝ Մոսկվայից Թբիլիսի:
Հիշեցնենք, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ օդային հաղորդակցությունը դադարեցվել է 2008 թվականի օգոստոսի 9-ից` կապված ռուս-վրացական պատերազմի հետ:




























