«Տարեսկզբից ծրագրված բոլոր աշխատանքները 2009-ին Կրթության եւ գիտության նախարարության կողմից գրեթե ամբողջությամբ ի կատար են ածվել»,- դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով ընթացիկ տարին։ Նրա խոսքով, ԿԳ նախարարության կայքէջը, ի թիվս մյուս նախարարությունների կայքէջերի, ամբողջ տարվա ընթացքում հաճախելիությունների թվով առաջին եռյակում է եղել։ «ԿԳՆ-ն անցնող տարվա ընթացքում թափանցիկ աշխատանք է տարել լրատվամիջոցների եւ շարքային քաղաքացիների հետ եւ անելու է ամեն բան, որպեսզի հաջորդ տարի եւս աշխատի նույն մեխանիզմներով»,- ասաց նա:

Անդրադառնալով նախարարության կատարած աշխատանքներին՝ Արմեն Աշոտյանը նկատեց, որ գալիք տարի մի շարք ծրագրերում, ինչպես օրինակ նախադպրոցական կրթություն, մանկավարժական կադրերի ճիշտ տեղաբաշխում մարզերում եւ այլն, իրենք առավել հետեւողական քաղաքականություն են իրականացնելու։ «Հաջորդ տարի արդեն մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու նրան, որ մարզերից եկած, պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողները բուհական կրթությունն ավարտելուց հետո վերադառնան իրենց շրջաններ եւ աշխատանքի անցնելով իրենց բնակավայրում՝ այս կերպ փոխհատուցեն պետության՝ իրենց հանդեպ դրսեւորած հոգածությունը»,- տեղեկացրեց նա։

ԿԳ նախարարն անդրադարձավ նաեւ կրթության ոլորտում 2009թ.-ին Սփյուռքի հետ ունեցած համագործակցությանը՝ նշելով, որ անցնող տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ-ն ավելի քան 74 հազար միավոր ուսումնական գրականություն է առաքել Սփյուռքի 41 երկիր: «Մենք 2010-ին փորձելու ենք օգտագործել նաեւ էլեկտրոնային գրականություն ընձեռած հնարավորությունները՝ գրականություն ուղարկելով նաեւ ինտերնետի միջոցով»,- նշեց նախարարը՝ նկատելով, որ 2009-ին, տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, զգալիորեն նվազել է արտասահմանցի ուսանողների թիվը։

Վերջում անդրադառնալով հանրակրթության խնդիրներին՝ Արմեն Աշոտյանը նկատեց, որ դրանք բազմաթիվ են եւ հրատապ լուծման կարիք ունեն։