Թուրքիայի եւ Պակիստանի նման երկրների համեմատությամբ Հայաստանում թմրանյութերի տարածման առումով իրավիճակը զգալիորեն լավ է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ դեսպանատան թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ղեկավար Ջոն Մայերը։

Նրա խոսքով, հենց սա է պատճառը, որ իր կողմից ղեկավարվող բաժինը հատուկ ուշադրություն է դարձնում թրաֆիքինգին եւ կոռուպցիային։ Մասնավորապես՝ վերջին շրջանում, ոստիկանության տվյալներով, Հայաստանում մեծացել է առգրավված թմրամիջոցների քանակը։ Սա, դեսպանատան աշխատակիցների կարծիքով, երկու բացատրություն ունի. թմրամիջոցների շրջանառության մեծացում կամ իրավապահ մարմինների աշխատանքների ակտիվացում։

Պատասխանելով ադրբեջանական կողմի այն մեղադրանքներին, որ ԼՂՀ տարածքով թմրամիջոցներ են տեղափոխվում, Մայերը նշել է, որ իր ունեցած տվյալների համաձայն՝ թմրանյութերը Հայաստան մուտք են գործում Իրանից։

Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, ապա Հայաստանն իր ցուցանիշները լավացրել է թրաֆիքինգի եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։