Կառավարական մակարադակով ոչ մի բանակցություն Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ օդային կապի վերականգնման ուղղությամբ չի ընթանում: Այս մասին դեկտեմբերի 2-ին Վրաստանի կառավարության նիստն սկսելուց առաջ լրագրողներին հայտնել է ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն:
Հիշեցնենք, որ այսօր վրացական «Էյրզենա-Վրացական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է, որ դիմել է ՌԴ տրանսպորտի նախարարությանը՝ խնդրելով թույլ տալ Թբիլիսի-Մոսկվա չվերթներ իրականացնել:
«Դրանք մասնավոր ընկերության բանակցություններ են, որոնք ոչ մի կապ չունեն Վրաստանի իշխանությունների հետ»,- ընգծել է փոխնախարարը: Միաժամանակ, Կալանդաձեն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները «ուրախ կլինեն» եւ «կողջունեն» երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության վերականգնումը:
Հարցին, թե արդյոք Վրաստանի իշխանությունները պատրաստ են Մոսկվայի հետ պաշտոնական բանակցություններ վարել, նա պատասխանել է, որ Վրաստանի իշխանությունները «պատրաստ են ցանկացած բանակցությունների, բայց այդ հարցը հիմա օրակարգում չէ»:




























