Թուրքիայի Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 11-ի որոշմամբ փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավորները եւ այդ կուսակցության անդամակցող մի քանի քաղաքապետներ դեկտեմբերի 22-ին այցելեցին Հյուսիսային Իրաքում գտնվող «Մահմուր» ճամբարը, որտեղ տեղավորված են Թուրքիայից հեռացած քրդերը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` պատգամավորները եւ քաղաքապետները առավոտյան անցան թուրք-իրաքյան Հաբուր մաքսակետը եւ կեսօրին հասան «Մահմուր» ճամբար: «Մահմուր»-ում Թուրքիայից եկած իրենց հայրենակիցներին դիմավորեցին քրդական ազգային պարով եւ երաժշտությամբ:

Պատգամավոր Սեւահիր Բայնդըրը իր խոսքում նշեց, որ թուրքական իշխանությունների հայտարարած ժողովրդավարացման նախաձեռնության (Քրդական հարցի կարգավորում) հետ կապված իրենք կասկածներ ունեն:

«Մահմուր» ճամբարի բնակիչները պատրաստեցին 10 կետից բաղկացած պահանջագիր եւ հանձնեցին պատգամավորներին: Թուրքիայից եկածները երկօրյա իրենց այցի ընթացքում կլսեն «Մահմուր»-ում ապրողների պահանջները եւ Թուրքիա վերադառնալուց հետո կկիսվեն հասարակության հետ:

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, թե ժողովրդավարական նախաձեռնության հետ մեկտեղ Թուրքիայից «Մահմուր» ճամբար հեռացած քրդերը կվերադառնան հայրենիք եւ նշում էին, որ «Մահմուր»-ը կդատարկվի: «Մահմուր»-ում կա մոտ 15 հազար քուրդ: 2009-ի հոկտեմբերին «Մահմուր»-ից եւ Քանդիլ լեռից, որտեղ պատսպարված են PKK-ի զինյալները` Թուրքիա եկան եւ հանձնվեցին 34 քրդեր: Նրանք բոլորն էլ կարճ հարցաքննությունից հետո բաց թողնվեցին: