Տղամարդը, ով ԱՄՆ Վիրջինիա նահանգի Վիտվիլ քաղաքում մոտ 7 ժամ 5 մարդու պատանդ է պահել փոստային բաժանմունքում, հանձնվել է ոստիկանությանը:
Միջադեպը տեղի ունեցել դեկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով ժամը մոտավորապես 14:30-ին: Տղամարդը, որը շարժվելիս է եղել հաշմանդամի սայլակով, զենքի սպառնալիքով պատանդ է վերցրել փոստային բաժանմունքի երեք աշխատակիցների եւ երկու հաճախորդների: Հանցագործն իր հետ ունեցել է նաեւ պայթուցիկ նյութ (2,25 կգ պլաստիկ պայթուցիկ): Հաղորդում է BBC Russia-ն:
Փոստային բաժանմունքը եւ նրան հարակից տարածքը շրջապատվել է ոստիկաններով, իսկ մոտակայքի բնակելի տների բնակիչները տարհանվել են:
Տեղի իշխանություններին հաջողվել է համոզել հանցագործին բաց թողնել պատանդներին: 4 մարդ դուրս է եկել շենքից, այդ թվում նաեւ հաշմանդամի սայլակով մարդը: Ավելի վաղ շենքում լսելի են եղել կրակոցներ, սակայն նախնական տվյալներով, զոհեր ու վիրավորներ չկան: Հանցագործի անձն ու նրա արարքի մոտիվները դեռ հայտնի չեն: Ողջ այդ ընթացքում նա միայն մեկ պահանջ է ներկայացրել` պիցցա բերել:




























