Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարկել է հունիս ամսվա գների եւ սակագների մոնիտորինգի արդյունքները: Սպառողակլան գների ինդեքսը, որն ընդհանրացնում է 470 տեսակի ապրանքների եւ ծառայությունների միջին գներն ու սակագները, տարվա ընթացքում աճել է ընդամենը 0,7%-ով: Դրան նպաստել է պարենամթերքի միջին գնի 1,5%-ով նվազումը:
Հետաքրքրական են մարզերի, ավելի շուտ, այն քաղաքների կտրվածքով տվյալները, որտեղ գների մոնիտորինգ է իրականացվում: Վելուծելով այդ տեղեկատվությունը, բառացիորեն քաոսի ենք բախվում. մի ապրանքը թանկ է մեկ, մյուսը` այլ քաղաքում:
Առավել հստակ պատկերացում կազմելու համար վերցնենք սպառողական ծախսերում նկատելի մաս ունեցող ապրանքները, օրինակ, հացը, որը մայրաքաղաքում նկատելիորեն ավելի թանկ է, քան մարզերում: Բարձր կարգի հացի միջին գները ներկայացված են գրաֆիկում, որի համար գծային դիագրամ է ընտրվել:
Մայրաքաղաքում հացի գնի ավելի թանկ լինելը պայմանավորված չէ նրանով, որ երեւանցիներն ավելի «հարուստ» են մարզերում բնակվողներից, եւ պահանջարկը գերազանցում է առաջարկը: Նման իրավիճակն ազատ ձեռնարկատիրության պարագայում ժամանակավոր բնույթ կկրեր:
Հնարավոր փաստարկներն այն մասին, թե մայրաքաղաքը, այնուամենայիվ, ավելի հարուստ է մարզերից, այդ իսկ պատճառով էլ կյանքը թանկ է, հեշտությամբ հերքվում են, երբ վերլուծվում ես մի շարք այլ ապրանքների գների ու սակագների մասին տեղեկությունները:
Օրինակ, դիտարկելով տավարի մսի գինը, նկատում ենք, որ «հարուստ» մայրաքաղաքում այն ավելի էժան է , քան մարզային քաղաքներում:
Եւ ահա գալիս ենք այն հարցին, թե ինչու է մայրաքաղաքում հացն ավելի թանկ , քան մարզերում, իսկ տավարի մսի գնի պարագայում հակառակն է: Հայտնի է, որ մայրաքաղաքում հացի արտադրության առյուծի բաժինն ապահովում են մի քանի խոշոր ընկերություններ, այնպես որ գնի վերաբերյալ գործարքը նրանց միջեւ հավանական է:
Գների «սանձարձակությունը» ոլորտը կարգավորող պետական մարմիների անգործության օրինաչափ հետեւանք է: Գո՞ւցե արժի, որ նոր կառավարությունը զբաղվի բազմաչարչար հացի խնդրով, բացի հեռանկարի համար ուրախալի խոստումներ տալուց:
Ալբերտ Խաչատրյան



























