Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ինչպես եւ խոստացել էր, հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ նույն տարածքում առաջադրված, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի:
Քաղաքագետի տարածած հայտարարության մեջ նշված է. «Հունվարի 10-ին, մասնակցելով ընտրություններին եւ ձեր ձայնը տալով „Հայկական ժամանակ“ օրաթերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին՝ դուք „Ձայն բազմաց, ձայն Աստծո“ իրավունքով կկայացնեք արդար եւ անբեկանելի դատավճիռ այն հրեշավոր պատժիչ մեքենայի նկատմամբ, որը 2008-ի մարտի 1-ին մեր հարազատ բնակավայրում՝ Երեւանի կենտրոնում, կազմակերպեց մեր հայրենակիցների զարհուրելի կոտորածը»։
«Հնարավոր չէ հաշտվել այն մտքին, որ մարդասպանները մնում են անպատիժ, իսկ նրանց փոխարեն այսօր դատում են ընդդիմադիր թերթի խմբագրին, ով իր ձեռքում, բացի գրիչից, երբեք ոչ մի ուրիշ զենք չի պահել։ Հանելով իմ թեկնածությունը եւ հայցելով ձեր ներողամտությունը, հուսով եմ, որ քարոզարշավի այս 20 օրերի ընթացքում ինձ հաջողվել է համոզիչ հիմնավորումներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու անհրաժեշտության վերաբերյալ»,- նշել է Հմայակ Հովհաննիսյանն ու հավելել. «… միմյանց հորդորեք հունվարի 10-ին ձեր քվեների ուժով վերջ դնել Նիկոլ Փաշինյանի տառապանքներին, վերադարձնել նրան հարազատներին, ընթերցողներին եւ գործընկերներին։ Ձեզանից, ձեր ձայներից, Նեռին չկաշառվելու ձեր վճռականությունից է կախված հալածյալ հայորդու ճակատագիրը»:
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր էր մնացել գործարար Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո: Հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար այժմ մնացել են երեք թեկնածուներ՝ Նիկոլ Փաշինյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը եւ Արա Սիմոնյանը՝ Ազգային Միաբանությունից:




























