Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է ստանալ ահազանգեր ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողներին շարային ծառայության մեջ՝ մասնավորապես, մարտական դիրքերում եւ վերակարգում ընդգրկելու, շարային պատրաստության անցնելու մասին:
Այս կապակցությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Նման վերաբերմունքի հետեւանքով ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողների առողջական վիճակի վատթարացման մասին կազմակերպությունը ահազանգել է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Սակայն, պաշտպանական գերատեսչությունը միջոցներ չի ձեռնարկում նշված խախտումները վերացնելու ուղղությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը իր անգործությամբ շարունակաբար խախտում է ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողների իրավունքները:
Ոչ շարային զինծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիների ներգրավումը շարային ծառայության մեջ վատթարացնում է նրանց առողջական վիճակը, նպաստում է ոչ կանոնադրական հարաբերությունների ձեւավորմանը եւ հանդիսանում է նրանց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:
Համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում ստիպված կլինենք արձանագրել քաղաքացիների առողջական վիճակի վատթարացման, խեղումների եւ մահացությունների նոր դեպքեր:
Սույն հայտարարությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգում է եւ պահանջում է ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հրատապ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել ոչ շարային զինծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիների համար զինվորական ծառայության արժանապատիվ պայմանների ապահովման եւ նրանց մարդու իրավունքների խախտումների վերացման ուղղությամբ»:


























